10:25 | 29.08.16 | Հոդվածներ | exclusive 70564

LiveBoard-ն արդեն հասանելի է AppStore-ում

Գործարկվել է LiveBoard հայկական անվճար հավելվածի iOS տարբերակը:

LiveBoard-ն ինտերակտիվ գրատախտակ է, որը թույլ է տալիս ձեռքի հպումով օնլայն նկարել եւ միաժամանակ զրուցել ընկերների հետ: Հավելվածում կարելի է գտնել նկարելու պրակտիկ գործիքներ, առանց ինտերնետի միացման նույն գրատախտակի վրա համաժամանակյա աշխատելու, ձեռքով գծածը ճշգրիտ պատկերի վերածելու, սոցիալական մեդիայում արված աշխատանքը տարածելու հնարավորություններ եւ այլն:

Itel.am-ի հետ զրույցում LiveBoard-ի համահիմնադիր Տիգրան Բարսեղյանը պատմել է, որ Liveboard-ը նաեւ դասարաններում գրատախտակը փոխարինող գործիք կարող է դառնալ:

«Այս պահին փնտրում ենք նորարար ուսուցիչներ, որոնք կօգնեն թեստավորել հավելվածը մի շարք հանրակրթական դպրոցներում: Ուսուցիչներին կընձեռվի հնարավորություն զերծ մնալ կավճոտ գրատախտակներից, նախապատրաստել դասերը եւ կիրառել տարբեր դասարաններում: Կարելի է գրել/ գծագրել մեկ անգամ եւ նույն նյութերով դասավանդել մի քանի դասարաններում, անգամ մի քանի ուսումնական տարիների ընթացքում»,- նշել է նա:


Տիգրան Բարսեղյանի խոսքով՝ դպրոցներում գնալով աճում է նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, եւ դրանց ներդրման համար անհրաժեշտ են որոշակի ծախսեր։

«Liveboard-ը նման ծախսեր չի պահանջում: Այն կարելի է օգտագործել ընդամենը ունենալով Android պլանշետ կամ հեռախոս, հետեւաբար ուսումնական գործընթացում սարքավորումների հաշվին նախատեսվող գումարը շեշտակիորեն նվազում է՝ հաշվի առնելով նաեւ այն, որ շատերն արդեն ունեն համապատասխան սարքեր»,- ընդգծել է LiveBoard-ի համահիմնադիրը:

Հավելվածի Android տարբերակը գործարկվել էր 2015թ. գարնանը եւ ներկայում ունի շուրջ 32 հազ. ներբեռնում:
 
Նարինե Դանեղյան