10:41 | 24.08.16 | Նորություններ | exclusive 7901
Triada Studio-ն գործարկել է Shadowmatic Lite-ը, որը Shadowmatic 3D փազլային խաղի անվճար տարբերակն է:
Այս մասին Itel.am-ին տեղեկացրել է Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը:
Նա նշել է, որ Shadowmatic Lite-ն ունի 14 մակարդակ (ամբողջական տարբերակում մակարդակների թիվն անցնում է 100-ը), ինչպես նաեւ 4 լիովին տարբեր թեմատիկ միջավայր:
«Shadowmatic Lite-ի գործարկման հիմնական նպատակն է մեծացնել խաղի տարածումը, քանի որ անվճար տարբերակները սովորաբար ավելի շատ են ներբեռնվում: Մյուս կողմից՝ հնարավորություն ենք տալիս խաղին ծանոթանալ այն մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում գնել խաղի վճարովի տարբերակը: Խաղի ընթացքում պարբերաբար, ինչպես նաեւ 14 մակարդակները հաղթահարելուց հետո, խաղացողին առաջարկվում է գնել վճարովի տարբերակը»,- պատմել է Բագրատ Դաբաղյանը:
Նրա խոսքով, Shadowmatic Lite-ն իր ծավալով (95 ՄԲ) մի քանի անգամ թեթեւ է հիմնական խաղից (300 ՄԲ), ինչը հնարավորություն է տալիս այն ներբեռնել Wi-Fi-ի բացակայությամբ՝ 3G/LTE ինտերնետի առկայության դեպքում:
Triada Studio-ի տեխնիկական տնօրենը նաեւ խոստացել է, որ այս տարվա ընթացքում կգործարկվի Shadowmatic-ի Android տարբերակը:
Երեւակայությունը զարգացնող Shadowmatic 3D փազլային խաղը թողարկվել է 2015թ. հունվարին Triada Studio հայկական ընկերության կողմից: Խաղը հասանելի է 13 լեզուներով, այդ թվում՝ հայերեն: 2015թ. խաղն արժանացել է Apple Design Awards մրցանակին:
Նարինե Դանեղյան