16:13 | 18.08.16 | Նորություններ | 2170

Հայտնի են Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթի հաղթողները

Հայտնի են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) եւ «Նեյշնլ Ինսթրումենթս-Արմենիա» կազմակերպության կողմից կազմակերպված Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթի հաղթողները:

ՁԻՀ-ից հայտնել են, որ գնահատող հանձնաժողովի մեծամասնության կարծիքով առաջին մրցանակային տեղի համապատասխան նախագիծ չկար, այդ իսկ պատճառով շնորհվել են միայն 2-րդ եւ 3-րդ տեղի մրցանակներ:

Երրորդ մրցանակային տեղն է զբաղեցրել Հասմիկ Բաբայանի նախագիծը՝ արժանանալով 350 հազ. դրամ մրցանակի: Երկրորդ հորիզոնականում են Ստորակետ ճարտարապետական արվեստանոցը, ինչպես նաեւ Աննա Հակոբյանը եւ Լիլիթ Մարտիրոսյանը՝ ստանալով 500 հազ. դրամ:

Գնահատող հանձնաժողովը բաղկացած էր վեց հոգուց, որոնցից երեքը ճարտարապետական ոլորտի, իսկ մյուսները՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ էին:

Մրցույթի նպատակն էր հավաքագրել Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի տարբեր առաջարկներ, հետաքրքիր նորարարական գաղափարներ ու մոտեցումներ:

Ինժեներական քաղաքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, հազվագյուտ լուծումների եւ արտադրանքի դարբնոց դարձնելուն:

Քաղաքը նախատեսվում է որպես ինժեներական ռեսուրս կենտրոն՝ օժանդակելու եւ՛ գործող ինժեներական կազմակերպություններին մեծացնելու արտադրության ծավալները, եւ՛ ստեղծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր կազմակերպություններ: Մրցույթն իրականացվում էր Հայաստանի ճարտարապետների միության աջակցությամբ: