Նաիրա Հովակիմյանը
16:21 | 09.08.16 | Նորություններ | 85860
Իլինոյսի համալսարանին կից Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի (Intelligent Robotics Lab) տնօրեն Նաիրա Հովակիմյանը ամերիկահայ գործարար Ալ Եսայանի հետ հիմնադրել է IntelinAir ընկերությունը:
News-Gazette պարբերականի հետ զրույցում Նաիրա Հովակիմյանը պատմել է IntelinAir-ի զարգացման ներկա միտումների մասին:
«Ներկայում մենք կենտրոնացած ենք թվային գյուղատնտեսության վրա: Անօդաչու սարքերի օգնությամբ մշակում ենք տնտեսությունների «տոմոգրաֆիկ պատկերը», որոնք ցածր բարձրության վրա անում են բարձրորակ լուսանկարներ»,- ասել է նա:
Խոսելով այն մասին, թե այս նոր տեխնոլոգիան ինչպես կարող է օգնել ֆերմերներին, Նաիրա Հովակիմյանը նշել է.
«Հույս ունենք այս նոր տեխնոլոգիայի օգնությամբ մշակել նախնական զգուշացման համակարգ՝ անոմալիաների հայտնաբերման համար, որպեսզի կանխենք մեծ վնասները եւ զգուշացնենք ֆերմերներին ժամանակին միջոցներ ձեռք առնել: Ակնհայտ է, որ այսօրվա ֆերմերային տեխնոլոգիաները թույլ չեն տա 2050թ. կերակրել 9 մլրդ մարդու: IntelinAir-ը նպատակ ունի իր լուման ներդնել այս մարտահրավերի լուծման մեջ՝ նոր ձեւով, որը կարող է ունենալ երկարաժամկետ ազդեցություն»:
Նաիրա Հովակիմյանը նաեւ պատմել է, որ ծրագրում է եւս 2 գիրք հրատարակել հաջորդ 5 տարիներին:
«Ցանկանում եմ տեսնել իմ ուսանողներին աշխարհում կարեւոր նորարությունների ետեւում՝ հիմնված այն թրեյնինգների վրա, որոնք նրանք անցնում են իմ լաբորատորիայում: Ցանկանում եմ տեսնել նրանց թոփ համալսարաններում կամ ոլորտի կարեւոր պաշտոններ զբաղեցնելիս: Կցանկանամ, որ IntelinAir-ը դառնա հզոր եւ նշանավոր ընկերության: Իմ ուսանողների մի մասին կուզենամ տեսնել իրենց սեփական ընկերությունները ստեղծելիս ՝ հիմնված մեր լաբորատորիայում իրենց աշխատանքի վրա»,- ընդգծել է Նաիրա Հովակիմյանը:
Նա հավելել է, որ մոտ ապագայում ծրագրում է ավելի շատ կենտրոնանալ կիբեռանվտանգության լուծումների վրա:
«Կհամագործակցեմ համակարգչային գիտությունների ոլորտի գործընկերներիս հետ եւ կանեմ հնարավոր ամեն բան՝ նպաստելու ոլորտի զարգացմանը եւ աջակցելու վերջինիս առեւտրայնացմանը: Մենք ունենք յուրահատուկ հնարավորություն, լուծում, որը կարող է պաշտպանել ռոբոտներին ծրագրային վիրուսներից եւ հաքերների հարձակումներից»,- պատմել է Նաիրա Հովակիմյանը: