08:28 | 22.07.16 | Հոդվածներ | exclusive 227022

Հայկական նոր Cubway խաղը՝ Apple-ի Editor’s choice

ArmNomads Games հայկական ընկերությունը գործարկել է արկադային (Arcade game) էլեմենտներով Cubway puzzle խաղը, որն Apple-ի կողմից արդեն հռչակվել է Editor’s choice՝ Best New Games անվանակարգում:

Ընկերության համահիմնադիր, գեյմ դիզայներ Արթուր Կարոյանը Itel.am-ին տեղեկացրել է, որ խաղն այս պահին Editor’s choice է հռչակված 94 երկրում, 113 երկրում էլ featured խաղերի շարքում է: Նրա խոսքով՝ մինչեւ հաջորդ շաբաթ այս թվերը կարող են ավելանալ:

Խաղը հասանելի է AppStore-ում եւ արժե $1.99:

Արթուր Կարոյանի խոսքով՝ Cubway-ը բաղկացած է 36 տարբեր մակարդակներից: Ակնկալվում է, որ թարմացումների հետ կավելացվի նաեւ մակարդակների թիվը:



«Cubway-ը կյանքի վերածննդի ցիկլը ներկայացնող աբստրակտ ճանապարհորդություն է: Հիմքում ընկած է Սամսարայի գաղափարը, երբ հոգին գնում եւ անցնում է իր կյանքի ցիկլը եւ սկսում է նոր կյանք: Կուբի տեսքով պետք է անցնել վտանգներով եւ դժվարություններով լի ճանապարհ, այցելել հետաքրքիր եւ միստիկ վայրեր: Խաղի մեխանիկան կենտրոնացած է տարբեր խոչընդոտների հետ փոխգործակցության մեթոդների վրա: Գտիր ճիշտ վայրերը՝ որպեսզի շրջանցես խոչընդոտները, պայթեցրու դրանք եւ այլն: Ստեղծված են ունիկալ մակարդակներ, ամեն մակարդակն անցնելիս փոխվում է խաղացողի հետեւի ֆոնը, օրինակ անտառից խաղացողը կարող է հայտնվել հայկական եկեղեցու մոտ, շարժվել դեպի գյուղ, ծով եւ այլն: Սա աբստրակտ ճանապարհորդություն է»,- խաղը նկարագրել է Արթուր Կարոյանը:



Նա ընդգծել է, որ խաղը պատրաստված է Հայաստանում, եւ բոլոր իրավունքները պատկանում են հայկական ընկերությանը:

«Մենք զրոյական վիճակից մեկ տարվա ընթացքում ստեղծեցինք 5 խաղ, բոլորն արժանացան featuring-ի, իսկ 2-ը հռչակվեցին Editors' Choice: Ցանկանում ենք լինել ազատ եւ ստեղծել այն պրոդուկտը, որ ինքներս ենք ուզում՝ մեր ուզած էմոցիաները փոխանցելու համար»,- ընդգծել է Արթուր Կարոյանը:

ArmNomads Games-ի նախորդ՝ Let’s Twist փազլ-արկադային ժանրի խաղը, որը նոյեմբերի 12-ին հայտնվել էր App Store-ում, Apple-ի կողմից 78 երկրում Editor’s choice էր հռչակվել՝ մեկ շաբաթ շարունակ գլոբալ առաջխաղացման իրավունք ստանալով 135 երկրում:

Ընկերության մյուս խաղը՝ Noble Run-ը, գործարկվել էր այս տարվա մարտին՝ Apple-ի կողմից 94 երկրում մեկ շաբաթ շարունակ գլոբալ առաջխաղացման իրավունք ստանալով (featured):

Նարինե Դանեղյան