11:21 | 20.06.16 | Նորություններ | 5308

Ucom-ի նախաձեռնությամբ անցկացվում է «Համագործակցության կոնֆերանս 2016»-ը

Ucom ընկերության նախաձեռնությամբ՝ «Համագործակցության կոնֆերանս 2016» եռօրյա համաժողովի շրջանակում հունիսի 19-21-ը Ծաղկաձորում անցկացվում է հեռուստատեսային արտադրանքի եւ բովանդակության միջազգային մասնագետների երկրորդ հանդիպումը: 

Ucom-ում նշել են, որ համաժողովի նպատակն է նպաստել հայաստանյան ու միջազգային հեռուստաբովանդակության մատակարարների շարունակական գործակցությանը եւ փորձի փոխանակմանը:

Այս տարի հեռուստատեսային արտադրանքի տեղի մասնագետները կքննարկեն ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները, պահանջարկն ու հնարավորությունները միջազգային այնպիսի հեռուստաալիքների բովանդակության համար պատասխանատու ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Discovery Channels, Euronews,  National Geographic, Nat Geo Wild, Bridge TV, Rusong TV, Russian Travel Guide, ТВЦ International հեռուստաալիքները:

Երեք օրերի ընթացքում մտքերի փոխանակմանը կմասնակցեն նաեւ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ այլ պետական եւ ոչ պետական կառույցների ներկայացուցիչները:

«Անալոգային հեռուստատեսությունն արդեն պատմություն է, իսկ թվայինը՝ նոր հնարավորություններ ընձեռող եւ անընդհատ կատարելագործվող տեխնոլոգիական լուծում: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց խիստ կարեւոր է, որ զարգացում ապրի նաեւ հեռուստատեսային բովանդակությունը: Համաժողովը թույլ է տալիս քննարկելու բովանդակության հետ կապված ցուցադրման իրավունքի, ծավալի, ձեւաչափերի եւ նմանատիպ այլ հարցեր»,- ասել է Ucom-ի զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը: