08:58 | 17.06.16 | Հոդվածներ | exclusive 6171

Ի՞նչ են խոսում Ֆեյսբուքում ArmPhone-ների մասին

Հունիսի 6-ին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը (TSD) Երեւանում ներկայացրեց առաջին հայկական սմարթֆոնները՝ ArmPhone-ները: Այս ընթացքում Facebook-ում հարյուրավոր գրառումներ եղան օգտատերերի՝ հեռախոսներից ստացած առաջին տպավորությունների, բողոքների  ու առաջարկների մասին:

Itel.am-ը հետեւել է ArmPhone-ների մասին օգտատերերի գրառումներին ու առանձնացրել դրանցից ուշագրավները:

Մարտկոցը շուտ է նստում

Լրագրող Մարկ Գրիգորյանը, որը BBC-ի ռուսական ծառայության համար հոդված էր գրել առաջին հայկական հեռախոսների շնորհանդեսի մասին, ձեռք էր բերել մոդելներից մեկն ու ավելի ուշ մտահոգություն հայտնել, որ մարտկոցը օրվա երկրորդ կեսին 75 տոկոսով լիցքաթափվում է:



Ծրագրային ապահովումից մինչեւ արտաքին տեսք



Օգտատեր Մուշեղ Ղուլյանի գրառումը թերեւս ամենածավալունն էր: Նա առանձին կետերով գրել է հեռախոսի դրական ու բացասական կողմերի մասին:

Բացասական կետերի մեջ են մոդելների չհիշվող անունները, ծրագրային ապահովման ու մոդելներից մեկի ստեղնաշարի անհարմարությունները եւ այլն:



Դրական կողմերից օգտատերն առանձնացրել էր հեռախոսների հայկական լինելը, մոդելներից որոշների առանձնահատկությունները`ջրակայունությունը, մատնահետքի ճանաչման հնարավորությունը, ինչպես նաեւ Armphone-ների մատչելի գինը:



Կասկածներ՝ հայկականության մասին

Շատ ֆեյսբուքցիներ գրում էին, թե հեռախոսի հայկական լինելը պայմանավորված է միայն այստեղ հավաքված լինելով, քանի որ հեռախոսի բոլոր մասերն արտադրված են ասիական երկրներում: Օգտատեր Հովիկ Վերանյանն իր ստատուսում հորդորում է վերջ տալ անհիմն քննադատություններին՝ չէ՞ որ նույնիսկ ամենահայտնի բրենդները չեն արտադրում հեռախոսի մասերը, այլ պատվիրում նույն ասիական երկրներից:



Լուսանկարների որակի մասին

Շատերը հեռախոսը գնելուց հետո սկսեցին լուսանկարներ անել ու հրապարակել ցանցում` որպես ապացույց, որ ArmPhone-ի տեսախցիկներն իսկապես լավն են ու չեն զիջում նույն դասում առկա այլ սմարթֆոնների տեսախցիկներին:



Համադրելով այլ հեռախոսների հետ

Սեդրակ Մկրտչյանը գնել էր ArmPhone-ի A0505P մոդելը, որը ջրակայուն եւ հարվածակայուն է: Օգտատերն այն համեմատում էր իր նախկին հեռախոսի՝ Samsung Note 2-ի հետ՝ նշելով, որ այն ոչնչով չի զիջում վերջինիս:



Սփյուռքում սպասում են ArmPhone-ին

Առաջին հայկական հեռախոսի ֆենոմենը հասավ նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցներին: Լիբանանում բնակվող Սերինե Թոփալյանը կիսվել էր համայնքային էջերից մեկի լուսանկարով ու գրել, թե չի համբերում` երբ է ձեռքն առնելու հայկական արտադրության հեռախոսը:  



Հաճելի մանրուքների մասին

Ռուբեն Մելիքյանը հեռախոսը գնելուն պես դրա նկարը հրապարակեց: Տեխնիկական հնարավորություններից բացի, օգտատերերին նաեւ հայկական տարրերն էին դուր եկել: Տվյալ դեպքում` հեռախոսի լոգոն ու ռինգթոնները:



Եվ վերջում` մի քիչ հումոր

Տրանսլիտի դեմ պայքարը էլ ավելի «թեժացավ» հայկական հեռախոսների շնորհանդեսից հետո: Լատինատառ գրողների հայտնի պատճառաբանությունը, թե` «կներեք, հեռախոսով եմ գրում», շատ սահուն վերափոխվեց հումորի:



Հ.Գ. Հեռախոսների շնորհանդեսից օրեր անց հայտնի դարձավ, որ Rossia Mall-ում գտնվող միակ վաճառասրահում սպառվել են ամենաթանկ մոդելի` 151.000 դրամ արժողությամբ ArmPhone 0520-ի բոլոր օրինակները:

Ընկերության հաղորդակցման պատասխանատու Աննա Ոսկանյանը Itel.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ չհստակեցնելով վաճառված հեռախոսների թիվը: Նրա փոխանցմամբ`այդ մոդելը կրկին վաճաքում կլինի մոտ մեկ ամսից:

Աննա Ոսկանյանի խոսքով՝ ընկերությունը հետեւում է օգտատերերի արձագանքին, որը հաշվի կառնվի արտադրանքի կատարելագործման ընթացքում:

Սուրեն Ստեփանյան