10:10 | 09.06.16 | Նորություններ | 5585

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Չինարիում բարելավվել է ջրամատակարարման համակարգը

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրականացրել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված հերթական ծրագիրը, որի շնորհիվ Տավուշի մարզի Չինարի համայնքը, նախկին 2 ժամի փոխարեն, ապահովված կլինի 6-ժամյա ջրամատակարարմամբ:

Համակարգի գործարկմանը մասնակցել է նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Չինարիում մեր առաջին ծրագրերը սկսել ենք 6 տարի առաջ: Դրանք իրականացվել են կամավորության սկզբունքով՝ մեր աշխատակիցների ֆինանսական աջակցությամբ: Այսօր այստեղ ենք գործընկեր կառույցի հետ մեր համագործակցության արդյունքը տեսնելու համար: Այսպիսի գյուղերում ծրագրի արդյունքը չափում ենք ոչ թե կատարած աշխատանքի ծավալով, այլեւ ավելի հաճախ՝ մեր հայրենակիցների տրամադրությամբ:  Հակառակորդի աչքի առաջ հողագործությամբ զբաղվող գյուղացին նախ սահմանապահ է. նա պետք է վստահ լինի, որ ինքը մենակ չէ իր խնդիրների հետ: Մենք այստեղ ենք՝ այդ վստահությունը փոխանցելու համար նաեւ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: