08:19 | 08.06.16 | Նորություններ | 11704

ԻՏՁՄ-ի հայտարարած մոբիլիզացիոն ծրագրին միացել է 300 մասնագետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնած Տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների եւ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մոբիլիզացիոն ծրագրին միացել է ավելի քան 300 մասնագետ:

Նախաձեռնության նպատակն է համախմբել գիտական ներուժը, մարդկային ռեսուրսները եւ միավորել առկա ռազմարդյունաբերական համակարգին:

ԻՏՁՄ-ից հայտնել են, որ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ստեղծվել են աշխատանքային խմբեր, որտեղ ընդգրված են կամավոր ծրագրավորողներ, ինժեներներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, բժիշկներ եւ այլ մասնագետներ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է միության կողմից արդեն իսկ կատարված աշխատանքները, կազմվել է միջոցառումների ծրագրեր՝ կամավորների կողմից իրականացվող աշխատանքների հետագա կարգավորման նպատակով:

Մոբիլիզացիոն ծրագիրն իրականացվում է պաշտպանության նախարարի հրամանով, համաձայն որի` համապատասխան աշխատանքներ են տարվում զինատեսակների արդիականացման ուղղությամբ:

ԻՏՁՄ-ն ապրիլին հայտարարել էր ՏՀՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում հավաքագրվում է կամավորների եւ տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:

Բացի այդ, ստեղծվել է հատուկ հաշվեհամար, որին փոխանցված գումարը հատկացվում է Հայոց բանակի մարտունակությանն ուղղված կարեւորագույն խնդիրների լուծմանը:

Հաշվեհամարն է Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300 52916980200: Այլ երկրներից փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է նշել նաեւ բանկի SWIFT կոդը` COVBAM22: Հաշվեհամարի սեփականատերը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է: Փոխանցման նպատակը մոբիլիզացիոն ծրագրին աջակցությունն է: