11:28 | 24.05.16 | Նորություններ | 5595
Գեղարքունիքի մարզի Փամբակ–Դարանակ գյուղի միջնակարգ դպրոցում կայացել է աշակերտների իրականացրած համայնքային ծրագրի շրջանակում վերանորոգված դահլիճի բացման արարողությունը:
Աշակերտական հասարակական կազմկերպությունը՝ «ԱՀԿ»-ն, ստեղծվել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակում՝ որպես առաջնահերթ լուծում պահանջող համայնքային հիմնախնդիր ընտրելով դպրոցի միջոցառումների դահլիճի վերանորոգումը:
Հիմնախնդրի լուծման նպատակով «Հայաստանի պատանեկան նվաճումները» դեռեւս մարտ ամսին Փամբակ–Դարանակի պատանի հասարակական գործիչներին տրամադրել էր 150 հազ. դրամի չափով դրամաշնորհ: Դրամաշնորհային մրցանակն աշակերտներին հանձնել էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այդ գումարով էլ ԱՀԿ անդամաները ձեռնարկել են վերանորոգման աշխատանքները:
Մարտի 15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացած՝ «Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն» ծրագրի՝ ԱՀԿ-ին դրամաշնորհների տրամադրման միջոցառման ընթացքում, կազմակերպիչների հրավերով միջոցառմանը ներկա գտնվող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարել է, որ ծրագրի իրականացման նպատակով, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության դրամաշնորհ ստացած 12 ԱՀԿ-ից յուրաքանչյուրին կտրամադրի 100-հազարական դրամ՝ իր ընտանիքի միջոցներից:
Վերանորոգված դահլիճի բացմանը մասնակցել է նաեւ ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ձեռնարկատիրությունը պահանջում է գիտելիքներ եւ փորձ: Դրանք ձեռք են բերվում համառ աշխատանքի շնորհիվ՝ քայլ առ քայլ: Վաղ տարիքում, թեկուզեւ փոքր դրամագլխով, բիզնես գործունեություն ծավալելը մեծ հիմքեր է ստեղծում հետագայում, ավելի մեծ մասշտաբի գործարարությամբ զբաղվելու համար: Առավել գնահատելի է այն, որ աշակերտները՝ գումար վաստակելով, իրենց առջեւ դրել եւ իրագործել են չափազանց կարեւոր նպատակ. դպրոցի դահլիճի վերանորոգումը: Ինձ համար, որպես գործարարի, հատկապես կարեւոր է այն հանգամանքը, որ աշակերտներին հաջողվել է կազմել բիզնես-պլան՝ թիմային աշխատանքի միջոցով, ինչը ապագայի չափազանց կարեւոր փորձառություն է՝ հաշվի առնելով հայկական միջավայրի առնձնհատկությունները», - ասել է Ռալֆ Յիրիկյանը: