07:07 | 24.05.16 | Տեխնոլոգիաները եւ կանայք | exclusive 38673

Տեխնոլոգիաները եւ կանայք. Մարիամ Հակոբյան

Եթե մի քանի տարի առաջ Հայաստանում ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ասելիս պատկերացնում էիր բացառապես արական սեռի ներկայացուցչի, ապա վերջին շրջանում միջազգային շուկաներում հայկական տեխնոլոգիական պրոդուկտների հաջողությունները, ինչպես նաեւ ստարտափների զարգացմանը նպաստող մեծաթիվ ծրագրերը ոլորտն ավելի գրավիչ են դարձրել նաեւ կանանց համար:

Կո՞դ գրել, զբաղվել պրոդուկտի առաջխաղացմա՞մբ, թե՞ թիմին մեկ այլ բանով օգտակար լինել. հնարավորությունները բազմաթիվ են: 

Itel.am-ը «Տեխնոլոգիաները եւ կանայք» շարքում ներկայացնում է ՏՏ ոլորտում ներգրավված հայուհիներին:

Մարիամ Հակոբյանն աշխատում է Workfront ընկերությունում` որպես iOS Developer:

Ցանկանում էի բարձր վարձատրվող աշխատանք գտնել

Դպրոցում սովորելիս հասկացա, որ ինձ ամենից շատ տեխնիկական առարկաներն են հետաքրքիր (մաթեմատիկա, ֆիզիկա): Բացի այդ, ուզում էի բարձրագույն կրթություն ստանալուց հետո ինքս իմ ուժերով բարձր վարձատրվող աշխատանք գտնել: Որոշեցի, որ իմ հետաքրքրություններին ու նպատակներին ամենից շատ ԵՊՀ-ի Կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա ֆակուլտետն է հարմար, ու կարծում եմ՝ չեմ սխալվել: 

Ուսանողական տարիներին սկսեցի պրակտիկա անցնել ՏՏ ընկերություններից մեկում, հետո ինձ առաջարկեցին աշխատել ստարտափ ընկերությունում, այդպես էլ ամեն ինչ սկսվեց:


Մարիամ Հակոբյանը

Սխալ է մտածելակերպը, թե ծրագրավորողը նա է, ով կոդ գրել գիտի: Շատերն են կարողանում մի քանի քար դնել իրար վրա, սակայն դա նրանց շինարար չի դարձնում: Կարծում եմ՝ առաջին հերթին պարտադիր է ունենալ ուժեղ տրամաբանական ու կառուցողական մտածողություն, կոդ գրելը երկրորդական է:

***

Կանայք եւ տղամարդիկ տեխնոլոգիաներում. իհարկե, վիճակագրական տվյալների չեմ տիրապետում, բայց կարծում եմ, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում է ՏՏ ոլորտում կանանց թիվը նկատելիորեն պակաս տղամարդկանց թվից: Գուցե պատճառն այն է, որ համապատասխան մտածողություն ավելի շատ տղամարդիկ ունեն:

Բայց չեմ կարող նաեւ չնշել, որ իմ հանդիպած լավագույն մասնագետների մեջ կանանց ու տղամարդկանց թիվը գրեթե հավասար է: Եթե կինն իր գործին լավ է տիրապետում, հաճախ ավելի կազմակերպված ու հստակ է աշխատում, ավելի մեծ նվիրումով:


Մարիամ Հակոբյանը

Խնդրի լուծման պրոցեսն անընդհատ ուղեղումդ է

Կինը տեխնոլոգիաներում. բացասական կողմերից է այն, որ այս ոլորտում աշխատանքը շատ ժամանակ ու նվիրում է պահանջում: Երբեք չես կարող ասել, որ եթե աշխատանքային ժամդ վերջացավ, ապա դու լրիվ կտրվում ես գործից: Եթե ինչ-որ բան չի ստացվում՝ խնդրի լուծման պրոցեսն անընդհատ ուղեղումդ է: Բացի այդ, հաճախ այնպես է ստացվում, որ աշխատում ես արտերկրի գործընկերների հետ եւ ստիպված ես հարմարվել ժամային տարբերություններին:

Շուկայի ու մարդկանց պահանջները շատ արագ են փոփոխվում, միշտ ստիպված ես հետեւել տեխնոնորաձեւությանը: Լինելով iOS ծրագրավորող՝ օգտագործում եմ հենց Apple-ի արտադրանքը: Սակայն տեխնոնորաձեւությանը հետեւելն իմ դեպքում երբեք ֆանատիզմի չի հասնում:


Մարիամ Հակոբյանը

Ի դեպ, վերջին տեխնիկական նորարարությունների արդյունքում կանանց մեծ մասը սկսել է ավելի շատ selfie-ներ անել: Սակայն դա դեպի լավը փոփոխություն չեմ համարում (ծիծաղում է - խմբ.):

Հայ կանանց եւ աղջիկներին նախ մաղթում եմ, որ համոզված լինեն, որ անում են այն, ինչ սիրում են: Դա, իհարկե, կարեւոր է ցանկացած գործով զբաղվելու պարագայում, սակայն հենց այս ոլորտում է, որ եթե գործի նկատմամբ սեր ու հետաքրքրություն չունենաս, ապա չափազանց դժվար կլինի:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի