08:48 | 10.05.16 | Տեխնոլոգիաները եւ կանայք | exclusive 42225

Տեխնոլոգիաները եւ կանայք. Լիանա Կորկոտյան

Եթե մի քանի տարի առաջ Հայաստանում ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ասելիս պատկերացնում էիր բացառապես արական սեռի ներկայացուցչի, ապա վերջին շրջանում միջազգային շուկաներում հայկական տեխնոլոգիական պրոդուկտների հաջողությունները, ինչպես նաեւ ստարտափների զարգացմանը նպաստող մեծաթիվ ծրագրերը ոլորտն ավելի գրավիչ են դարձրել նաեւ կանանց համար:

Կո՞դ գրել, զբաղվել պրոդուկտի առաջխաղացմա՞մբ, թե՞ թիմին մեկ այլ բանով օգտակար լինել. հնարավորությունները բազմաթիվ են: 

Itel.am-ը «Տեխնոլոգիաները եւ կանայք» շարքում ներկայացնում է ՏՏ ոլորտում ներգրավված հայուհիներին:

Լիանա Կորկոտյանը «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրենն է:

Տեխնոլոգիաների ոլորտում սա իմ առաջին աշխատանքն է

Ես համեմատաբար նորեկ եմ այս ոլորտում: Ասեմ ավելին, տեխնոլոգիաների ոլորտում սա իմ առաջին աշխատանքն է: Կարիերայիս ընթացքում աշխատել եմ միջազգային խոշոր դոնորների եւ կառավարող խորհրդատվական (management consulting) ընկերությունների հետ՝ օգնելով փոքր եւ միջին բիզնեսին աճել եւ դառնալ հաջողակ: Սակայն նախագծերի մեծ մասը, որոնց վրա աշխատել եմ, ուղղակի կամ անուղղակի կերպով կապ են ունեցել տեխնոլոգիաների հետ:


Լիանա Կորկոտյանը

Ինձ միշտ զարմացրել է, թե որքան մեծ ազդեցություն կարող են ունենալ տեխնոլոգիաները անհատներին եւ բիզնեսներին ոգեւորելու հարցում: Որպես «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն՝ ես իհարկե, անհամբերությամբ եմ սպասում՝ շարունակելու խրախուսել տեխնոլոգիաների օգտագործումը Հայաստանում:

Պատկերացումները գնալով փոփոխվում են

Կանայք այս ոլորտում ավելի քիչ են, քան տղամարդիկ. սա գլոբալ ֆենոմեն է եւ հատուկ չէ միայն Հայաստանին: Շատ հետազոտություններ են փորձել պատասխանել այն հարցին, թե ինչու է դա այդպես: Որոշ մարդիկ կարծում են, որ ոլորտն ուղղակի բավարար չափով հրապուրիչ չէ կանանց համար: Մեկ այլ տարածված գնահատական է, որ ավանդաբար ՏՏ-ն տղամարդկանց գերակայության ներքո գտնվող ոլորտ է, եւ կնոջ համար նպատակահարմար չէ այդտեղ աշխատելը:

Լավ լուրն այն է, որ պատկերացումները գնալով փոփոխվում են, եւ ավելի ու ավելի մեծ թվով կանայք են ոլորտ մուտք գործում: Շատ երկրներ, այսօր, օրինակ, ունեն հատուկ նախաձեռնություններ, որոնք դպրոցական տարիքից աղջիկներին խրախուսում են կոդ գրել սովորել: Հույս ունեմ, որ մոտ ապագայում մենք եւս Հայաստանում կունենանք նման նախաձեռնություններ: 


Լիանա Կորկոտյանը

Այս ոլորտում աշխատող կանայք շատ տարբեր չեն այլ ոլորտների կանանցից: Մենք էլ ենք մտածում այն ամենի մասին, ինչ մյուս ոլորտների կանայք՝ սեր, ընտանիք, ընկերներ… եւ իհարկե, կոշիկներ (ծիծաղում է - խմբ.):

Տեխնոնորաձեւությունը վերադառնում է

Շատերի համար նորագույն տեխնոլոգիաների կիրառումը չափազանց կարեւոր է: Մենք այս միտման ականատեսը դարձանք, երբ տարիներ առաջ մոբայլ խաղերը նոր էին մտնում շուկա: Այդ ժամանակ մարդիկ իրենց հեռախոսները մի քանի ամիսը մեկ փոխում էին. հիշո՞ւմ եք LG Prada հեռախոսը:

Այսօր տեխնոլոգիական նորաձեւությունը վերադառնում է. նույնիսկ համաշխարհային նորաձեւության տներն են սկսել տեխնոլոգիական սարքերի համար աքսեսուարներ արտադրել:

Ինքս աշխատում եմ որքան հնարավոր է շուտ փորձել նոր տեխնոլոգիաները: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ հասանելի կլինի Microsoft Hololens-ը, որ այն ձեռք բերեմ:  



Հաջորդ տեխնոլոգիական նորարարությունը կանանց համար կարող են դառնալ էլեկտրոնային հայելիները. մոտ ապագայում դրանք կհայտնվեն ցանկացած խանութում, թույլ տալով ձեզ փորձել տարբեր պրոդուկտներ՝ էկրանի մի քանի հպումների միջոցով:

Կոդ գրելու այլընտրանքները

Եթե հետաքրքրված եք աշխատել ՏՏ ոլորտում, սակայն չեք ցանկանում կոդ գրել, կան այլընտրանքներ: Օրինակ, այսօր Հայաստանում մենք բիզնես վերլուծաբանների լուրջ պահանջարկ ունենք: Սրանք այն մարդիկ են, որոնք «թարգմանում են» իրական բիզնես պահանջները տեխնիկական բնութագրիչներով: Սա թույլ է տալիս, որ ծրագրավորողները եւ բիզնեսի մարդիկ խոսեն միեւնույն լեզվով, ինչը ցանկացած ՏՏ պրոդուկտի զարգացման երաշխիքն ու հիմքն է:

Հայ աղջիկներին եւ կանանց կոչ եմ անում հետեւել իրենց ցանկություններին եւ երազանքներին, ու էական չէ, թե ուրիշներն ինչ են ասում: Եթե տղամարդիկ կարող են անել դա, ապա մենք եւս կարող ենք: Երբեք հետ մի նայեք եւ մի կորցրեք սովորելու եւ աճելու հնարավորությունը: 

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Նկարահանումն իրականացվել է Malocco սրճարանում