ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը
08:49 | 12.05.16 | Նորություններ | 5575
Այսօր գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման եւ կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Համաձայնագրի նպատակն է Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ հաստատել միջկառավարական համագործակցություն եւ հարաբերություններ` նպատակ ունենալով միավորել երկու պետությունների ջանքերը տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման եւ կապի ոլորտում փորձի փոխանակման եւ լավ փորձառնության համար:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի փոխանցմամբ՝ համագործակցության հիմնական ոլորտները պետք է լինեն առանց սահմանափակումների, այդ թվում էլեկտրոնային ծառայություններ, լայնաշերտ հասանելիություն, էլեկտրոնային կառավարում եւ կիբերանվտանգություն, էլեկտրոնային կապի, փոստային ծառայությունների եւ էլեկտրոնային կառավարման օրենսդրություն եւ այլն:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման եւ կապի ոլորտում կողմերի պետությունների միջեւ հարաբերությունները պետք է կարգավորվեն համաձայն իրենց ազգային օրենսդրության դրույթների, Հեռահաղորդակցության Միջազգային Միության (ITU), Համաշխարհային Փոստային Միության (UPU) եւ սույն համաձայնագրի հանձնարարականնների եւ գործող ակտերի»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: