06:49 | 12.05.16 | Նորություններ | 2502

Մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Ֆուլեր կենտրոնի բնակարանաշինության 2016թ. ծրագիրը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող  բնակարանաշինության 2016թ.-ի ծրագիրը մեկնարկել է Արմավիրի մարզի սահմանամերձ Մարգարա գյուղում՝ Գեւորգյանների կիսակառույց տան շինարարությամբ:

Սա ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ կառուցվող թվով 100-րդ տունն է:

«Այսօր առանձնահատուկ օր է. շարունակում ենք հաջողված համագործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրը: Սա եւ՛ հաճելի է, եւ՛ մտահոգիչ: Եթե հարցին նայենք դրական տեսանկյունից՝ ուրախալի է, քանի որ կարեւոր խնդիր է լուծվում 100-րդ ընտանիքի համար: Մտահոգիչ է սակայն այն փաստը, որ դեռեւս կան տանիքի խնդիր ունեցող ընտանիքներ: Նրանց աջակցելն անհրաժեշտ է: Միայն այդպես մեզ կհաջողվի լուծել եղած խնդիրները»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Բարի ավանդույթ է դարձել մեր ամենամեծ նվիրատուի եւ լավագույն գործընկերոջ հետ աշխատելը: Այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն. ՀՀ դրամի ներդրում է կատարելու բնակարանաշինության համար (2015թ-ին ՝ 100 մլն. էր): Դա քառասունմեկ հայ ընտանիքի համար, կյանքի նոր փուլի սկիզբ է»,-ասել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ն  աջակցել է 93 ընտանիքի: Այս տարի այդ թիվը կհամալրվի եւս 41-ով եւ մինչեւ տարեվերջ ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների թիվը կհասնի 134-ի: