12:47 | 04.05.16 | Նորություններ | 2085

Երեւանում մեկնարկել է «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն» համաժողովը

Երեւանում այսօր մեկնարկել է «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն` ուղի դեպի արդյունավետ եւ ինովացիոն կառավարում» խորագրով համաժողովը:

Ինչպես հայտնել են Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչությունում, համաժողովի ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ եւ կազմակերպվում է Microsoft կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության եւ Դոմ-Դենիել ընկերության կողմից:

Համաժողովի նպատակն է ներկայացնել բարձր տեխնոլոգիաների եւ նորարական լուծումների կիրառման համաշխարհային փորձը ինչպես կառավարման ոլորտում գործող պետական մարմինների, այնպես էլ պետական հատվածի կազմակերպությունների համար:

Ծրագիրը ներառում է ոլորտի բարձրաստիճան փորձագետների ելույթներ ներկայիս ամենաարդիական թեմատիկ ուղղվածություններով, այդ թվում` առողջապահության, կրթության եւ հանրային անվտանգության:

«4-րդ արդյունաբերական հեղափոխությունը հանգեցրել է նրան, որ այսօր աշխարհում օգտագործվում են արդեն 75 մլրդ էլեկտրոնային սարքեր, իսկ օգտագործվող տվյալների ծավալը գերազանցում է 40 զետաբայթը»,- ասել է Microsoft կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լիանա Կորկոտյանը:

«ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում ՏՏ ոլորտի զարգացման համար՝ քաջ գիտակցելով, որ դա զարկ կտա նաեւ տնտեսության մյուս ճյուղերի, այդ թվում՝ ռազմաարդյունաբերության զարգացմանը»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Մայքրոսոֆթ կորպորացիայի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստան կատարած այցի պատվիրակության ղեկավար, կորպորացիայի հանրային ոլորտի աշխատանքների գծով տնօրեն Թրուդի Նորիս-Գրեյի բնորոշմամբ`տեխնոլոգիաներն այսօր լիովին փոխել են մեր կյանքը:

Microsoft-ի գլխավոր տնօրեն Սատյա Նադելլան էլ հայտարարել է, որ տարբեր երկրներում հասարակական կազմակերպություններն ու գիտական կառույցները անվճար կստատան ընդհանուր առմամբ $1 մլրդ արժողությամբ ծրագրային ապահովում, եւ այդ ծրագրին կկարողանա մասնակցել նաեւ Հայաստանը։