12:33 | 27.04.16 | Նորություններ | 1191
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը:
Կառավարության մամուլի ծառայությունում նշել են, որ օրակարգային առաջին հարցով խորհուրդն անդրադարձել է ՏՀՏ ոլորտի ընկերություններում նորավարտ մասնագետների պրակտիկայի անցկացման հետ կապված խնդիրներին եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու առաջարկությանը:
Վարչապետն առաջարկել է ներկայացված փաստարկների հիման վրա շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ անցկացնել լրացուցիչ քննարկումներ եւ դրանց արդյունքների հիման վրա ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Այնուհետեւ խորհուրդը քննարկել է ֆիզիկամաթեմատիկական եւ տեխնիկական ֆակուլտետներում ընդունելության քննությունների ցանկում «Ֆիզիկա» առարկան պարտադիր դարձնելու առաջարկը:
Օրակարգային հաջորդ հարցով խորհուրդն անդրադարձել է տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգի ֆինանսավորման ընդլայնման անհրաժեշտությանը: Մասնավորապես, առաջարկվել է ՀՀ-ում կիրառել միջազգային փորձը եւ լրացնել գաղափարների հաստատման փուլի ֆինանսավորման բացը, նախաձեռնել վերադարձելի համաֆինանսավորվող դրամաշնորհների տրամադրման ծրագիր, որի նպատակը կլինի նպաստել ինովացիոն գործունեություն ծավալող տեխնոլոգիական սկսնակ ընկերությունների ապրանքների առեւտրայնացմանը:
Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում կարձանագրվի նորարար տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերությունների աճ, կխրախուսվի տեխնոլոգիական ձեռներեցությունն ու զարգացումը:
Կարեւորելով ծրագիրը՝ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ ուսումնասիրել հարցը եւ դրամաշնորհային ծրագրերի միջոցով սկսնակ ընկերությունների գաղափարների հաստատման փուլի ֆինանսավորման հնարավորության ուղղությամբ ներկայացնել առաջարկություն:
Քննարկվել են նաեւ ընկերությունների վերագրանցման հետ կապված խնդիրներին առնչվող հարցեր: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այդ խնդիրները գտնվում են իր ուշադրության կենտրոնում. առաջիկայում իրականացվելու են օրենսդրական փոփոխություններ, որոնցով հստակ կնախատեսվեն ընկերությունների վերագրանցումների, բաժանումների եւ միաձուլումների համար նախատեսվող քայլերը, որպեսզի պատկան մարմինը հնարավորություն չունենա դրսեւորել հայեցողական լիազորություն: