13:40 | 18.04.16 | Նորություններ | 1778

ՀՀ-ում ազգային ամպային համակարգ կմշակվի

Այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կառավարության եւ ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող գերմանական SAP ընկերության միջեւ:

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը եւ SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահ Յոսթ Թիգելարը:

Հուշագրի համաձայն՝ Հայաստանում մշակվելու է ազգային ամպային համակարգ՝ SAP Business One հավելվածի հիման վրա:

Ակնկալվում է, որ համակարգի ստեղծումը կմիավորի Հայաստանի ՏՀՏ ոլորտը, առաջատար համալսարանները, պետական կառույցները, երկրի փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման համար պատասխանատու կառույցներն ու ինստիտուտները:

SAP Business One-ի հիման վրա ստեղծված ազգային ամպային համակարգը նախատեսված է հիմնականում փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցելու, աշխատանքի հիմնական ոլորտներում ընկերությունների բիզնես գործընթացներն ավոտամատացնելու համար:

Ծրագիրը կնպաստի նաեւ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը: