07:14 | 13.04.16 | Նորություններ | 1882
ՀՀ դպրոցներում անցկացվում է «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով պաստառների մրցույթ:
Մրցույթը կազմակերպել են «Դպրոց-կենտրոնների միություն» (ԴԿՄ) իրավաբանական անձանց միությունը եւ «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ:
«Մրցույթը հնարավորություն կտա միջին եւ ավագ դպրոցների աշակերտներին ծանոթանալ եւ մանրամասն տեղեկատվություն ստանալ ինժեներական մասնագիտությունների վերաբերյալ»,- նշել են կազմակերպիչները:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցների 8-9-րդ դասարանի աշակերտներ, աշակերտական խմբեր, դասարաններ, որոնք պետք է պատրաստեն A2 ֆորմատի պաստառներ (420x594)`նվիրված ինժեներական մասնագիտացումներում նորագույն տեխնոլոգիաների օգտագործմանը:
Պաստառներում կարող են ներկայացվել`
- Նկարներ, պատկերներ, կարգախոսեր, տարբեր նկարներից կազմված խճանկարներ` օգտվելով տեղեկատվական տեխնոլոգիաներից, օգտագործելով տարբեր համակարգչային ծրագրեր կամ ՏՀՏ գործիքներ,
- Ձեռքի աշխատանքներ կամ ձեռքով նկարած նկարներ, որոնք պետք է լուսանկարվեն եւ ուղարկվեն ԴԿՄ էլհասցեին:
Պաստառները պետք է ներկայացվեն մինչեւ ապրիլի 24-ը:
Մասնակից բոլոր դպրոցներում ապրիլի 25-27-ը կկազմակերպվի ներկայացված աշխատաքների ցուցահանդես։
Երեւանում կկազմակերպվի ցուցահանդես-մրցանակաբաշխություն, որին կհրավիրվեն 1-ին, 2-րդ, 3-րդ անվանակարգերում հաղթող ճանաչված եւ լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցները՝ խրախուսական մրցանակներ ստանալու համար:
Լավագույնը ճանաչված պաստառները տեղ կգտնեն մրցույթի արդյունքում տպագրված 2017թ. օրացույցներում, որոնք կտրամադրվեն ՀՀ բոլոր դպրոցներին:
Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։