Գործարկվել է APPA մոբայլ հավելվածը, որը հնարավորություն է տալիս պարզ եւ արագ կերպով վերակնքել ԱՊՊԱ պայմանագիրը:
Հավելվածը հասանելի է AppStore-ում եւ Google Play-ում:
Հավելվածը ստեղծել են Ռոբերտ Կադարյանը, Նարեկ Գեւորգյանը եւ Տարոն Ավետիսյանը:
Itel.am-ի հետ զրույցում Ռոբերտ Կադարյանը տեղեկացրել է, որ այս պահին հավելվածը ներբեռնվել է շուրջ 200 անգամ:
«Անհրաժեշտ է լուսանկարել գործող ԱՊՊԱ պայմանագիրը կամ պայմանագրի կնքման համար պահանջվող փաստաթղթերը, ընտրել ապահովագրական ընկերությունը եւ նոր պայմանագրի ժամկետը: Մենք համագործակցում ենք ապահովագրական բոլոր ընկերությունների հետ՝ գործակալական հիմունքներով: ԱՊՊԱ սակագինը բոլոր դեպքերում նույնն է մնում, իսկ հաճախորդը շահում է ժամանակի մեջ»,- ասել է Ռոբերտ Կադարյանը:
Ներկայացնելով պայմանագրի վերակնքման ամբողջական գործընթացը՝ նա տեղեկացրել է, որ իրենց կողմից հաստատված պայմանագիրն առաքվում է աշխատակցի կողմից, որի ժամանակ էլ հաճախորդը ստորագրում է այն եւ վճարում ապահովագրության արժեքը:
Ռոբերտ Կադարյանի խոսքով՝ հետագայում նախատեսում են գործարկել նաեւ էլեկտրոնային վճարման համակարգ:
Նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորվել է հիմնադիրների միջոցներով: Դիզայներական աշխատանքներն իրականացրել է Door Studios-ը:
«2015թ. դեկտեմբերին հավելվածը պատրաստ էր եւ արդեն հասանելի App Store-ում եւ Play Market-ում: Սակայն ծրագրային մի շարք խնդիրներ առաջացան, որոնք այս պահին լուծվել են: Հուսով ենք` հավելվածը դուր կգա մարդկանց»,- նշել է Ռոբերտ Կադարյանը:
Նա տեղեկացրել է, որ առաջիկայում ավելացվելու են նոր գործառույթներ, այդ թվում` այլ տեսակի ապահովագրական ծառայություններից (տուրիստական, առողջության, դժբախտ պատահարներից ապահովագրություն եւ այլն) օգտվելու հնարավորություն:
Նարինե Դանեղյան