11:35 | 24.03.16 | Նորություններ | 1249

Գովազդային SMS-ները պետք է ուղարկվեն բաժանորդների համաձայնությամբ

Ուղղակի մարքեթինգ (direct marketing) իրականացնողները, ինչպես նաեւ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցող կազմակերպություններն ու օպերատորները պարտավոր են անձնական տվյալները, այդ թվում՝ անձնական հեռախոսահամարն օգտագործել միայն անձի համաձայնությամբ, նախապես սահմանված նպատակով՝ նպատակին հասնելու համար պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր ծավալով:

Խորհրդատվական այս որոշումը կայացրել է ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

Որոշմամբ սահմանվել են նշված գործունեությունն իրականացնողների համար նվազագույն պարտականություններն ու պարտավորությունները:

Մասնավորապես, գործակալությունը սահմանել է, որ բաժանորդներին հնարավորություն պետք է տրվի նախնական (opt-in մեխանիզմով) կամ ցանկացած այլ պահի (opt-out մեխանիզմով) հրաժարվել իրենց անձնական տվյալների՝ ուղղակի մարքեթինգի նպատակով օգտագործումից, ինչպես ընդունված է ուղղակի մարքեթինգի միջազգային փորձում:

Առաջարկվում է նաեւ դադարեցնել ուղղակի մարքեթինգային նպատակներով հեռախոսահամարի մշակումը, եթե բացակայում է անձի համաձայնությունը (մարքեթինգային ցուցակներից ջնջել, հեռացնել սուբյեկտի մասին տեղեկատվությունը եւ դադարացնել հաղորդագրություններ ուղարկելը):

Ըստ որոշման՝ ուղղակի մարքեթինգ իրականացնողները, պարտավոր են տվյալների սուբյեկտին տրամադրել անձնական տվյալների, այդ թվում՝ անձնական հեռախոսահամարի հավաքագրման աղբյուրի, նպատակների եւ իրավական հիմքերի, օգտագործման պայմանների, ինչպես նաեւ իր (եւ իր անունից ուղղակի մարքեթինգ իրականացնող կազմակերպության) մասին տեղեկատվություն:

Վերոնշյալ գործունեությամբ զբաղվողները պետք է ներդնեն նաեւ կազմակերպչական եւ տեխնիկական միջոցներ, որոնք թույլ կտան պաշտպանել անձնական տվյալները պատահական կամ ապօրինի ոչնչացումից, փոփոխելուց, ապօրինի ձեռք բերումից կամ այլ ապօրինի օգտագործումից:

Գործակալությունն ակնկալում է, որ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցող բոլոր կազմակերպությունները (կամ օպերատորները) կձեռնարկեն անհրաժեշտ եւ առավելագույն կազմակերպչական, տեխնիկական, ծրագրային միջոցները՝ կանխելով առանց բաժանորդների համաձայնության այլ անձանց կողմից ուղղակի մարքեթինգի նպատակով բաժանորդների անձնական տվյալների օգտագործումը, իսկ բաժանորդների հետ կնքվող պայմանագրերում կնախատեսեն ուղղակի մարքեթինգի նպատակով բաժանորդի անձնական տվյալները, այդ թվում՝ հեռախոսահամարն օգտագործելու վերաբերյալ դրույթներ: