07:34 | 21.03.16 | Հոդվածներ | exclusive 6088

MyCard-երը՝ զեղչի պլաստիկ քարտերին այլընտրանք

Հայկական MyCard էլեկտրոնային քարտերը հնարավորություն են տալիս հայաստանյան ընկերություններին (խանութներ, սրճարաններ, ծառայություն մատուցող ընկերություններ) ստեղծել իրենց էլեկտրոնային քարտերը, որոնք կտրամադրվեն հաճախորդներին՝ պլաստիկ քարտերի փոխարեն:

MyCard-երը համատեղելի են iOS PassBook (Wallet) եւ Android PassWallet էլեկտրոնային դրամապանակների հետ: PassBook (Wallet)-ը Apple-ի ստեղծած վիրտուալ դրամապանակն է, որը լայն կիրառում ունի արտերկրում:

Itel.am-ի հետ զրույցում «Ֆըրսթ Օութսորսինգ Քոմփանի» ընկերության տնօրեն Լեւոն Իսրայելյանը պատմել է, որ MyCard էլեկտրոնային քարտերի շնորհիվ վիրտուալ դրամապանակներն արդեն հասանելի են հայաստանյան բիզնեսներին:

«Պլաստիկ քարտերն արդեն անցյալ են, նոր սերնդի քարտերն ավելին են, քան ուղղակի քարտեր, դրանք հարթակ են, որի միջոցով բիզնես-հաճախորդ շփումն ավելի ինտերակտիվ է դառնում եւ զգալիորեն նվազեցնում հաճախորդին տեղեկություն հասցնելու ծախսերը: Էլեկտրոնային քարտերը բազմաֆունկցիոնալ են, կարող են լինել կուտակային, զեղչի քարտեր, ընդ որում՝ հաճախորդն օնլայն ռեժիմում տեսնում է իր կուտակած միավորների չափը: Դրանք կարող են լինել նաեւ մեկանգամյա օգտագործման, օրինակ՝ կինոյի կամ թատրոնի տոմսեր»,- ասել է Լեւոն Իսրայելյանը:



MyCard էլեկտրոնային քարտերը հաճախորդին հնարավորություն են տալիս օնլայն ռեժիմում տեսնել իր կուտակած միավորների չափը, ստանալ տեղեկություններ նոր ակցիաների կամ զեղչերի մասին` առանց հատուկ հավելվածների անհրաժեշտության:

«Քարտերը զգալիորեն նվազեցնում են հաճախորդին տեղեկություն հասցնելու ծախսերը: Դուք ստեղծում եք քարտ, կտրոն եւ/կամ միջոցառում, ուղարկում եք այն Ձեր հաճախորդներին:  Հաճախորդը ստանում է Ձեր քարտը, կտրոնը կամ միջոցառման հրավերը եւ պահպանում է այն իր հեռախոսում: Անհրաժեշտության դեպքում նա ներկայացնում է հեռախոսում առկա քարտը, որը ընկերության կողմից սկանավորվում է»,- նշել է Լեւոն Իսրայելյանը:

MyCard-երը, Լեւոն Իսրայելյանի խոսքով, հարմար են նաեւ պահպանման առումով:

«Հաճախ (հատկապես՝ կանայք) պլաստիկ զեղչի քարտեր այնքան շատ են ունենում, որ մոռանում են, թե որ քարտն ինչ առավելություն կամ զեղչ է տալիս, մինչդեռ էլեկտրոնային քարտերի դեպքում դա ուղղակի բացառվում է»,- նշել է Լեւոն Իսրայելյանը՝ հույս հայտնելով, որ քարտերը Հայաստանում լայն տարածում կգտնեն:

Հարթակն այսօր արդեն լայն կիրառում ունի ԱՊՀ եւ եվրոպական մի շարք երկրներում:

Հիմնադիրները նախատեսում են առաջիկա կես տարում օգտագործողների թիվը հասցնել 20-30 հազ-ի:

Նարինե Դանեղյան