12:18 | 10.03.16 | Նորություններ | exclusive 3316

PicsArt-ը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումը բացառելու իրենց կոչը

PicsArt-ի համահիմնադիր եւ օպերացիոն տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը, մեկնաբանելով Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի կնքման կոչին իրենց միանալը, ասել է, որ «պատասխաններ եւ սպասելիքներ, որպես այդպիսին, այսօր չկան, քանի որ դա ոչ թե մեկ օրվա, այլ շարունակական գործընթաց է»:

Այս մասին նա ասել է նախօրեին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացած՝ PicArt-ի ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ՝ պատասխանելով Itel.am-ի հարցին:

«Մեր քայլն իրականում ավելի շատ ուներ օգնելու նպատակ, որովհետեւ մեր ձայնը համարվում է ավելի լսելի, եւ մենք ցանկանում էինք օգնել: Մենք եւ Shadowmatic-ը մեկն ենք այն բազմաթիվ ձայներից, որոնք միացել են, եւ հնարավոր է ուրիշներն էլ միանան, այլ հայտնի ընկերություններ»,- ասել է Արտավազդ Մեհրաբյանը՝ ընդգծելով, որ կոնկրետ ակնկալիքներ այդ գործընթացի հետ կապված չկան:

Հիշեցնենք, որ PicsArt-ը միացել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված հայկական եւ ամերիկյան ավելի քան 1 տասնյակ ընկերությունների կոչին՝ բանակցությունների միջոցով հասնելու Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի կնքմանը:

Երեկ կոչին է միացել նաեւ Shadowmatic խաղի ստեղծող Triada Studio-ն:

250 մլն ներբեռնում եւ 65 մլն ամսական ակտիվ օգտատեր ունեցող PicsArt-ը, որի համանուն հավելվածը նախատեսված է լուսանկարների խմբագրման համար, տարեվերջին Forbes-ի կողմից ճանաչվել էր Սիլիկոնյան հովտի 2015թ. ամենաթեժ 50 ստարտափներից մեկը (2015 Forbes Hottest Startups)՝ Forbes-ի կողմից գնահատվելով $250 մլն:

Իր հերթին, Google Play-ը PicsArt-ն անվանել էր 2015թ. լավագույն հավելվածներից մեկը:

Անցած տարի PicsArt-ը  $25 մլն ներդրում է հավաքագրել Sequoia Capital-ից եւ Insight Venture Partners-ից: Ընկերությունը գրասենյակներ ունի Երեւանում եւ Սան Ֆրանցիսկոյում: