12:22 | 25.02.16 | Նորություններ | 4204
ԱրմենՏել ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանն արձագանքել է քաղաքացիների կողմից Սախարովի հրապարակի հուշարձան-շենքի վրա փակցված Beeline-ի գովազդային պաստառի խնդրին՝ գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջին:
Մի շարք քաղաքացիներ ընկերությունից պահանջել են հեռացնել գովազդային պաստառը շենքի ճակատից՝ մտավախություն հայտնելով, որ այն կարող է օգտագործվել շենքի քանդման աշխատանքները քողարկելու նպատակով:
Նշենք, որ շենքի սեփականատեր «Լոքալ Դիվելոփերզ» ընկերության տնօրեն Սամվել Մայրապետյանը բազմիցս հայտարարել է, որ շենքը քանդելու մտադրություն չունի:
«Հանդիսանալով սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ Beeline-ը գործունեության ողջ ընթացքում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված երկրում մշակույթի պահպանման, ավանդույթներն ու ազգային արժեքները սերնդեսերունդ փոխանցելու, ինչպես նաեւ այս արժեքները միջազգային հարթակներում ներկայացնելու գործում։
Հարցը բարձրացնելու առաջին իսկ օրից այն գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ Նման որոշումները մեծ ընկերություններում մեկ օրվա մեջ չեն կարող կայացվել կամ մեկ ժամում չեղարկվել։
Վստահեցնում ենք մեր բոլոր բաժանորդներին, որ մենք չենք անտեսել որեւէ դիմում–խնդրանք այս հարցով եւ շատ շուտով հնարավորություն կունենանք խոսքերն ապացուցել գործով», - գրել է Տաթեւ Այրումյանը: