13:03 | 26.01.16 | Նորություններ | 1042

Կիբերհանցագործություններից տուժել է 594 մլն մարդ. զեկույց

2014թ. կիբերհանցագործություններից տուժել է 594 մլն մարդ, իսկ կիբերհանցագործությունների հասցված վնասի ընդհանուր չափը կազմել է $158 մլրդ:

Այս մասին է վկայում  Symantec ընկերության հրապարակած Norton Cybersecurity Insights 2016 զեկույցը:

Ըստ զեկույցի՝ աշխարհի ամեն 12-րդ բնակիչը կիբերհանցագործության զոհ է եւ դրա հետեւանքով կորցրել է միջինը $358: Կիբերհանցագործության հետեւանքների դեմ պայքարելու համար նրանք ծախսել են միջինում 21 ժամ: 

Միայն ԱՄՆ-ում կիբերհանցագործությունների վնասները կազմել են $30 մլրդ:

«Ցանցահեններն օրեցօր զարգացնում են իրենց տեխնոլոգիաները, մինչդեռ ընկերությունները դրանց դեմ պայքարում են հին ռազմավարությունով»,- ասված է զեկույցում:

Թիրախավորված բոլոր հարձակումների 60%-ն ուղղված է եղել փոքր եւ միջին չափի կազմակերպությունների դեմ:

Զեկույցը պատրաստվել է 17 երկրից 17 հազ. մարդու շրջանում անցկացված հարցումների հիման վրա:

«ԱՄՆ-ում հարցվածների 70%-ը նշել է, որ ավելի շուտ չեղյալ կհամարի ընթրիքն ամենամոտ ընկերոջ հետ, քան կսառեցնի իր կրեդիտ քարտը: Նրանց 63%-ն էլ հավելել է, որ կնախընտրի գնալ վատ ժամադրության, քան թե անվտանգության խնդրի դեպքում շփում ունենալ հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ»,- ասված է զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ հաճախորդների մեծ մասը չի կարողանում ապահովել օնլայն անվտանգության տարրական նորմերը: Գաղտնաբառ օգտագործողների կեսից քիչն է օգտագործում անվտանգ գաղտնաբառ: Երեք հարցվածներից մեկն էլ իր սմարթֆոնի կամ համակարգչի վրա գաղտնաբառ ընդհանրապես չունի: 
 
Հետաքրքիր է, որ հարցվածներն ավելի հակված են այն մտքին, որ երկու անգամ մեծ է հավանականությունը, որ իրենք կկորցնեն իրենց քարտի ինֆրոմացիան օնլայն տիրույթում, քան գումարը՝ դրամապանակից: 5-ից 4-ն էլ վախենում է օնլայն հանցագործության զոհ դառնալ: