10:11 | 25.12.15 | Նորություններ | 4065
ՎիվաՍել-ՄՏՍ-ը Ամանորի նախօրեին գործարկել է բջջային կապի հիմնական երկու կայան՝ Երեւան-Գյումրի ռազմավարական ավտոճանապարհի 12 կմ՝ Մաստարա-Մարալիկ հատվածում:
Այս երկու կայանները նմանատիպ այլ կայաններից տարբերվում են նրանով, որ էլեկտրասնուցում են ստանում արեւային մարտկոցներից: Նոսր բնակեցված այս տեղանքում տարիներ ի վեր բջջային հուսալի հեռախոսակապի բացակայությունը պայմանավորված է եղել էլեկտրասնուցման բացակայությամբ:
Արեւային էներգիայից սնուցում ստացող հիմնական կայանները հնարավորություն են ընձեռում նվազեցնել էլեկտրաապահովման բաշխիչ ցանցից ստացվող էներգիայի սպառումը՝ միեւնույն ժամանակ թույլ տալով նվազեցնել ընկերության՝ ենթակառուցվածքի պահպանմանն ուղղված ծախսերը:
«Որպես կոմերցիոն ձեռնարկություն՝ մենք ձգտում ենք խթանել վերականգնվող էներգիայի օգտագործումը արտադրության շղթայում: Իրականացվող միջոցառումներն ունեն երկակի արդյունք. նպաստում են գործառնական ծախսերի նվազմանը՝ միաժամանակ ապահովելով էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն: Այլընտրանքային էներգիայի օգտագործումը ոչ միայն ստեղծում է մրցակցային առավելություն, այլեւ հնարավորություն ընձեռում նպաստել արդի բնապահպանական խնդիրների լուծմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: