Արման Բոշյանը
11:20 | 16.12.15 | Հոդվածներ | exclusive 160992
Գործարկվել է հայերեն տեքստերի սրբագրման Armenian PowerSpell գործիքի նոր տարբերակը՝ նախատեսված Word, Excel եւ PowerPoint ծրագրերի համար:
Ծրագիրը կարող է ստուգել ոչ միայն ուղղագրությունը, այլեւ հիմնական քերականությունը, կետադրությունը, ճանաչել անունները, որոշ դեպքերում վերլուծել սխալ կապակցված բառերի եւ նախադասությունների հաջորդականությունը:
Armenian PowerSpell ծրագրի հեղինակ Արման Բոշյանը Itel.am-ին տեղեկացրել է, որ նոր տարբերակի հիմնական բառարանը պարունակում է 1 մլն 270 հազ. բառ եւ բառաձեւ:
Քերականության եւ կետադրության ստուգման հնարավորությունները եւս ընդլայնված են (վերլուծվում է շուրջ 600 դեպք): Ծրագիրը ճանաչում է նաեւ ոչ հայկական, բայց հայատառ գրված բառերը, ինչպես նաեւ վերլուծում է սլենգը՝ առաջարկելով այն ուղղել:
«Armenian PowerSpell 2016-ի ծածկույթը պարզ մեթոդի ժամանակ վերլուծում է 10 մլն բառակապակցում: Սա կարելի է համարել ներկայումս հայոց լեզվի ամենամեծ էլեկտրոնային բառարանը: Ստուգման արագությունը 15-20 էջ է՝ 1 րոպեում: Նշեմ, որ գործում են ստուգման պարզ եւ խիստ մեթոդներ: Ի դեպ, խիստ մեթոդը վերլուծում է հոլովները եւ թույլ է տալիս բառարանում նոր բառ ավելացնել»,- նշել է նա:
Արման Բոշյանի խոսքով՝ բառարանը նախորդ տարբերակի (PowerSpell 2011) համեմատ 1.5 անգամ կատարելագործվել է, իսկ կիրառվող ալգորիթմը թույլ է տալիս ապահովել 99.5% ստուգման ճշգրտություն:
«Ծրագրում կա 3 նոր բառարան՝ տերմինների, անունների եւ հապավումների: Ներառված է նաեւ անգլերեն-հայերեն-ռուսերեն թարգմանչական բառարան, որը պարունակում է 320 հազ. թարգմանություն: Սա շատ հարմար է, եթե, օրինակ, դու ռուսախոս հայ ես եւ ինչ-որ բառեր հայերենով չես հասկանում, ապա ծրագիրը թույլ է տալիս նշել բառը եւ այն թարգմանել մյուս երկու լեզուներով եւ հակառակը: Ծրագիրը, Հայաստանից բացի, լայն տարածում է գտել Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում: Սա նպաստում է հայերեն լեզվի կայացմանը համացանցում»,- ասել է Արման Բոշյանը:
Armenian PowerSpell 2016-ը կիրառելի է նաեւ Windows 10-ի հետ:
«Այսօր Հայաստանում եւ Սփյուռքում հազարավոր կազմակերպություններ օգտագործում են Armenian PowerSpell-ը, ինչի շնորհիվ մեզ մոտ հաճախ կատարվող լեզվական, քերականական սխալների հսկայական բազա է կուտակվել: Ամեն օր Հայաստանում PowerSpell-ի օգնությամբ 30-40 հազ. տառասխալ է ուղղվում, հետեւաբար՝ տարվա կտրվածքով դա բավական լուրջ թիվ է կազմում»,- ընդգծել է Արման Բոշյանը:
Ծրագիրը տալիս է 7 օրվա անվճար օգտագործման հնարավորություն: Կարելի է ընտրել 3 ամսից մինչեւ 3 տարի բաժանորդագրություն. լիցենզավորված տարբերակի գնային սանդղակը տատանվում է 7000-ից 50 հազ-ի սահմաններում: Ուսանողների համար գործելու է մինչեւ 30% զեղչ:
«Վերջին տարիներին մարդկանց գիտակցությունը բարձրացել է, եւ նրանք գերադասում են վճարել եւ գնել լիցենզավորված տարբերակը: Սա ողջունելի է, քանի որ լիցենզավորված տարբերակը գնելու դեպքում աջակցություն են տրամադրում տեղացի գործարարին, ինչպես նաեւ ստեղծում աշխատատեղեր, նպաստում հայոց լեզվի գրագետ կիրառմանը»,- եզրափակել է Արման Բոշյանը:
Նարինե Դանեղյան