ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
09:47 | 27.11.15 | Նորություններ | 4708
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության վեց տարիների ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իրականացրել է բազմաթիվ նախագծեր ինչպես Հայաստանում եւ Արցախում, այնպես էլ՝ արտերկրում:
«Այսօրվա աշխարհը լի է անտարբերությամբ եւ դաժանությամբ: Մեղմ եւ դրական մթնոլորտ, հաճելի տրամադրություն ստեղծելու գործում անչափ կարեւոր է արվեստի դերը: Երաժիշտը, արվեստագետը չպետք է ծանրաբեռնված լինեն տարբեր հոգսերով՝ իրենց առաքելությունը լիարժեք իրականացնելու համար: Դասական երաժշտությունը, որը ներկայացնում է այս նվագախումբը, պետք է կատարողների սրտից հասնի յուրաքանչյուր ունկնդրի հոգուն: Նրանցից յուրաքանչյուրը պետք է դառնա հասարակությանը մարդկային լավ որակներ փոխանցող, բարձր արժեք թելադրող եւ կրթող դեսպան: Արդեն վեց տարի մենք աջակցում ենք այս նվագախմբին՝ նրանց դիտարկելով որպես այդ առաքելությունն իրականացնող պատվիրակների»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 2-ին եւ 3-ին ֆիլհարմոնիկը հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում եւ Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը վեց տարի շարունակ ստանձնել է նվագախմբի գլխավոր գործընկերոջ առաքելությունը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն այդ ընթացքում նվիրաբերել է 1 645 000 000 դրամ՝ ֆիլհարմոնիկի գործունեությունն առավել արդյունավետ եւ անխոչընդոտ դարձնելու համար: Ընկերության դերը մեծ է նաեւ նվագախմբի համերգների վերաբերյալ երաժշտասեր հանրությանն իրազեկման գործում»,- ասված է հաղորդագրությունում: