11:24 | 24.11.15 | Նորություններ | 1181

Հայ գյուղացին այսուհետ իր արտադրանքը կարող է վաճառել օնլայն

Օրերս գործարկվել է armagro.am կայքը, որը նպատակ ունի աջակցել Շիրակի մարզի գյուղացիներին` գյուղատնտեսական արտադրանքն իրացնելու հարցում։

Նախաձեռնության հեղինակը «Կոմպասս» հասարակական կազմակերպությունն է։

«Գյուղից դեպի գլոբալ շուկա» խորագրով ծրագրի նպատակն է խթանել Շիրակի մարզի գյուղերում զբաղվածությանը եւ գյուղատնտեսական գործունեության քանակական եւ որակական աճը՝ գյուղատնտեսական արտադրանքի թողարկողների եւ սպառողների միջեւ կապի ապահովման միջոցով:

Ծրագրի ղեկավար Ղարիբ Հարությունյանը նշում է, որ armagro.am կայքում տեղադրված են տվյալներ Շիրակի մարզի 30 համայնքների գյուղարտադրանքի, դրանց առկա քանակների մասին։ Նրա խոսքով՝ կայքը կնպաստի այդ ապրանքների չմիջնորդավորված վաճառքի ծավալների մեծացմանը։

Նախաձեռնողները ծրագիրն իրականացրել են Շիրակի մարզպետարանի հետ համատեղ։ Այժմ կապեր են հաստատվում տարբեր կազմակերպությունների, գործարարների, արտահանողների հետ՝ գյուղմթերքի մասին ինֆորմացիան ավելի հասանելի դարձնելու համար։

Կայքում տրամադրվող ծառայություններն անվճար են: Գյուղացիներին տրամադրվում է նաեւ խորհրդատվություն։