14:46 | 23.11.15 | Նորություններ | 4852

ՀՀ Քննչական կոմիտեն եւ հեռախոսակապի օպերատորները կհամագործակցեն

ՀՀ Քննչական կոմիտեն եւ բջջային ու ֆիքսված հեռախոսակապի օպերատորներն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` ինտերնետ հասանելիության ծառայությունների, անձանց տվյալների եւ հեռախոսազանգերի վերծանումների փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելու վերաբերյալ:

Կողմերը հուշագրով հավաստել են իրենց պատրաստակամությունը` համատեղ միջոցառումներ իրականացնել՝ վերծանումների օպերատիվ ստացման, փոխանցման ուղղությամբ, զարգացնել տեխնիկական հնարավորությունների ներդրման հարցում փոխգործակցությունը:

«Օպերատորները նախկինում եւս, դատարանների որոշումների հիման վրա, տրամադրել են վերծանումները, սակայն հստակ ընթացակարգերի բացակայության պատճառով, անհրաժեշտ տեղեկությունները, հատկապես դրանք փոստով առաքելու դեպքում երբեմն 1 ամիս կամ ավելի ժամկետում էին հասնում նախաքննական մարմնին` հանգեցնելով նախաքննության ժամկետների ձգձգմանը»,- ասված է ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Այդ նպատակով ՀՀ Քննչական կոմիտեն կապահովի «Էկենգ» ՓԲԸ-ի կողմից ներդրված եւ սպասարկվող էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված ուղեկցական գրություններով դատարանների որոշումները կապի օպերատորներին փոխանցելը:

Իսկ «Յուքոմ» ՍՊԸ-ն, «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ն կապահովեն սեղմ ժամկետում վերծանումների էլեկտրոնային տարբերակով փոխանցումը ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի 1-ին բաժին, «Հրատապ» դրոշմակնիքը կրող ուղեկցական գրություններով ստացված դատարանների որոշումները կկատարվեն առաջնահերթ:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ծրագրին հասանելիություն կունենա մեկ անձ՝ մեկ համակարգչի միջոցով։ Ծրագրի մշակման աշխատանքներին մասնակցել է նաեւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն, որը հուշագրին կմիանա առաջիկա օրերին: