16:18 | 18.11.15 | Նորություններ | 4097

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ուրցաձորն ապահովվել է արտաքին լուսավորությամբ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ն իրենց աշխատակիցներով արտաքին լուսավորության լուսադիոդային համակարգով են ապահովել Ուրցաձոր համայնքն ու տեղում իրականացրել ծառատունկ:

Միջոցառմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, երկու կազմակերպությունների աշխատակիցներ, Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը եւ համայնքի բնակիչներ:
 
Համայնքին նվիրաբերված բնապահպանական եւ էներգաարդյունավետ 50 լուսադիոդային լամպերով կլուսավորվի մոտ 2 կմ երկարությամբ տարածք: Ծրագրի շրջանակում արդեն իրականացվել է նույն համայնքի շուրջ 2 կմ տարածքի արտաքին լուսավորում նույնատիպ լամպերի օգտագործմամբ, ինչը 60%-ով կրճատել է համայնքի արտաքին լուսավորության ծախսերը:

«Ժամանակակից տեխնոլոգիաներն անընդհատ զարգանում են: Դրանց հնարավորությունները պետք է ծառայեցնել համայնքների զարգացմանը: Առավել եւս, երբ այդ տեխնոլոգիաները բնապահպանական լուծում են առաջարկում: Այս համատեղ ծրագրի միջոցով մենք ձգտում ենք հնավորինս կրճատել բնակլիմայական պայմաններից գյուղացու կախվածությունը՝ չվնասելով բնությանը: Դա բխում է նաեւ համայնքի շահերից: Էներգախնայող լամպերի եւ ջուր կուտակող ծառերի շնորհիվ՝ կկրճատվեն Ուրցաձոր համայնքի ծախսերը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: