16:49 | 31.07.15 | Նորություններ | 4488

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ վտանգված կենդանատեսակները կվերարտադրվեն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում մասնակցել են կենսաբազմազանության մշտադիտարկման նոր սերնդի տեսանկարահանող եւ հեռահար դիտարկման սարքավորումների փորձարկմանը:

Ծրագրի շարունակական զարգացման արդյունքում 2015թ. ընդլայնվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի պահպանվող տարածքը` նախկին 2000 հեկտարից հասնելով 4000 հեկտարի: Անտառապահների աշխատանքի համար առկա տեխնիկական բազան համալրվել է նորագույն սարքավորումներով, այդ թվում` անօդաչու տեսախցիկով, հեռահար երկդիտակներով եւ բարձր ճշգրտության հեռադիտակներով:

Մշտադիտարկման արդյունքներն արտահայտվել են երկրատեղեկատվական GIS քարտեզում, որը հնարավորություն է ընձեռում արձանագրելու կենդանատեսակների գտնվելու բոլոր հնարավոր վայրերը:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում մեկնարկել է եւս մեկ երկարաժամկետ լայնածավալ ծրագիր։ Վտանգված կենդանատեսակների վերարտադրման եւ բնություն ետվերադարձի ծրագիրը կիրականացվի ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Երեւանի կենդանաբանական այգու հետ համատեղ։

«Ուրցաձորի էկոկրթական կենտրոնն անչափ կարեւոր գործառույթ է իրականացնում այս տարածաշրջանում` կենսաբազմազանության պահպանման եւ վերահսկման տեսանկյունից: Գոհունակությամբ ենք կենտրոնին հանձնում շրջակայքն առավել արդյունավետ կերպով հսկելու համար անհրաժեշտ այս սարքավորումները եւ անհամբերությամբ սպասում ենք դրանց միջոցով բացահայտված` բնության գաղտնիքներին ծանոթանալուն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: