11:03 | 29.07.15 | Նորություններ | 4599
ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ամփոփել են ջրամատակարարման բարելավման ծրագրով գյուղական համայնքներում համատեղ իրականացված հերթական ծրագրի արդյունքները:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ նախագծի շրջանակում Լոռու մարզի Չկալով համայնքում կառուցվել է 22 կմ երկարությամբ ջրագիծ:
Այս գործում իրենց ներդրումն են ունեցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որն իր անձնական միջոցներից հատկացրել է շուրջ 13 400 000 դրամ, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ հատկացնելով շուրջ 11 000 000 դրամ, եւ «Նոյարք» հիմնադրամը՝ շուրջ 13 700 000 դրամ մասնակցությամբ:
«Հնուց ի վեր ջուրը պաշտամունքի առարկա է: Ավելորդ է խոսել ջրի կենսական անհրաժեշտության մասին: Ջուրը՝ բնության չորս տարերքներից մեկը, կյանքի գոյության սկզբնաղբյուրն է: Խմելու ջրի որակով են պայմանավորված մարդու առողջությունն ու կյանքի որակը: Մի քանի անհատների անձնական նվիրատվությամբ եւ կազմակերպությունների աջակցությամբ, ինչպես նաեւ գյուղացիների ջանքերով հնարավոր դարձավ լեռնային այս գյուղն ապահովել խմելու ջրով»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: