16:13 | 17.07.15 | Նորություններ | 3632

ՎիվաՍել-ՄՏՍ-ը փորձը փոխանցում է երիտասարդներին

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա ամառային ճամբարում հանրապետության մարզերից եւ Երեւանից ավելի քան 110 աշակերտ մասնակցելէ ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջարկած «Բիզնես-առաջադրանք» մրցույթին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ ձեռնարկի նպատակն էր ստեղծել երկխոսություն բիզնեսի եւ կրթության միջեւ` խրախուսելով ավագ դպրոցի աշակերտներին զարգացնելու ձեռնարկատիրական հմտություններ եւ նորարարական մտածելակերպ:

«Ուրախ ենք աջակցել սովորելու եւ կատարելագործվելու ձգտում ունեցող, հետաքրքրասեր այս երիտասարդներին եւ պատրաստ ենք օգնել գիտելիքներ ձեռք բերելու հարցում, ինչը տարիներ շարունակ անում ենք Հայաստանի կրթական հաստատությունների հետ համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերի միջոցով: Այս երիտասարդներից շատերը ապագայում կաշխատեն բիզնես-միջավայրում, եւ շատ կարեւոր է հենց այս տարիքից նրանց մեջ սերմանել կառավարման ճիշտ սկզբունքներ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մրցույթի ընթացքում ճամբարականներին ներկայացվել էր բիզնես-առաջադրանք` փոփոխություններ կատարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` սակագնային պլաններից մեկի պայմանների մեջ` այն առավել հարմարեցնելով երիտասարդների պահանջներին: Վերջիններս սահմանված ժամանակահատվածում պետք է առաջարկեին լուծումներ եւ ներկայացնեին դրանք պատվավոր ժյուրիին, որի կազմում էին «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մրցույթում հաղթող ճանաչված թիմի 10 անդամները ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգեւատրվել են MTS Smart Start սմարթֆոններով: