Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը
14:06 | 08.07.15 | Նորություններ | 890
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասել է, որ 2015թ. արխիվը մոտ 100 հազ. փաստաթուղթ է թվայնացրել:
Ամատունի Վիրաբյանն այս մասին հայտնել է այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ աշխատանքները կրկնապատկվել են, ինչը թվայնացման սարքերի ավելացման արդյունքն է:
«IDEA հիմնադրամն Ազգային արխիվին թվայնացման երկու սարք է նվիրել, ինչի շնորհիվ կրկնակի թվով փաստաթղթեր են արխիվացվում»,- ասել է նա:
Թվայնացման գործընթացում աշխատում է 35 մարդ, բացի լուսանկարներից՝ պատրաստվում են փաստաթղթերի էլեկտրոնային անձնագրերը, ստեղծվում է որոնողական համակարգ:
«Առաջնային թվայնացնում ենք այն փաստաթղթերը, որոնք մեծ պահանջարկ ունեն: Դրանք հիմնականում մարդկանց ծագմանը վերաբերող փաստաթղթերն են, եկեղեցու չափաբերական մատյանները, մարդահամարները»,- ասել է Ամատունի Վիրաբյանը:
Հայաստանի ազգային արխիվը տարեկան մոտ 200 հազ. փաստաթուղթ է թվայնացնում: Գործընթացը սկսվել է 2010-ից. այս հինգ տարիների ընթացքում արխիվի էլեկտրոնային շտեմարանը համալրվել է մոտ 1 մլն փաստաթղթով:
Հայաստանի ազգային արխիվում պահվում է 350 մլն փաստաթուղթ: