16:53 | 30.06.15 | Նորություններ | 7498

«Ռոստելեկոմ Հայաստան»-ը եւ ZTE կորպորացիան կհամագործակցեն

«Ռոստելեկոմ»-ը եւ ZTE կորպորացիան այսօր պաշտոնապես հայտարարել են Հայաստանում ռազմավարական համագործակցության մասին:

Ինչպես նշել են «Ռոստելեկոմ Հայաստան»-ում, համագործակցությունն իրականացվելու է IPTV/OTT (Over the Top) ինտերակտիվ պլատֆորմի ձեւավորման, ամպային տեխնոլոգիական լուծումների (Cloud Technologies), տվյալների փոխանցման համակարգերի ներդրման ու զարգացման ուղղությամբ: Առաջիկայում «Ռոստելեկոմ»-ը կգործարկի իր IPTV/ОТТ ինտերակտիվ պլատֆորմը՝ նոր լուծումներով ու ծառայություններով։

«Նշված տեխնոլոգիաների շնորհիվ ամենաարդիական լուծումները հասանելի կդառնան «Ռոստելեկոմ»-ի հայաստանյան սպառողներին եւ հնարավորություն կընձեռեն վայելելու ողջ աշխարհում արդեն իսկ տարածված ծառայություններն ու հնարավորությունները հեռուստացույցի էկրանից: Ռոստելեկոմը հավատարիմ է մնում իր որդեգրած հաճախորդամետ քաղաքականությանը եւ շարունակում է խոշոր ներդրումներ իրականացնել բաժանորդների համար առավել բարձրորակ ու հարմարավետ  ծառայությունների մատուցման ուղղությամբ»,- ասել է «Ռոստելեկոմ Հայաստան»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

««Ռոստելեկոմ»ը հայաստանյան ամենադինամիկ ու ամենաարագ աճող օպերատորն է, եւ շուտով մենք հանրությանը կներկայացնենք մեր համատեղ տեխնոլոգիական լուծումները, որոնք աննախադեպ են շուկայում»,- նշել է ZTE կորպորացիայի ԱՊՀ գծով փոխնախագահ Չյանգ Յոնգը։