11:28 | 25.06.15 | Հոդվածներ | exclusive 120501

Ռոումինգի ապագան Մաքսային միությունում. հայացք ՀՀ-ից

ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայության (ԴՀԾ) ղեկավար Իգոր Արտեմեւը հունիսի 11-ին հայտարարել էր, որ Մաքսային միության (ՄՄ) երկրներում ռոումինգը պետք է չեղյալ հայտարարվի:

Itel.am-ը հարցի առնչությամբ հարցում էր ուղարկել ՀՀ-ում գործող հեռահաղորդակցության օպերատորներին: Ստորեւ ներկայացնում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Beeline-ի եւ «Օրանժ Արմենիա»-ի պատասխանները:

ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ում ընդգծել են, որ որպես հայաստանյան շուկայում գործող ընկերություն իրավասու չեն մեկնաբանելու այլ երկրի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները:

«Ինչ վերաբերում է ռոումինգ ծառայությունների սակագներին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ չնայած արտարժույթի տատանումներին, դրանք չի բարձրացրել: Հարկ է նկատել, որ ռոումինգ ծառայությունների սակագները ներառում են նաեւ ռոումինգ գործընկերների սահմանած սակագները»,- նշել են ընկերությունում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում նաեւ հայտնել են, որ ընկերությունն արտասահմանում գտնվող իր բաժանորդներին ոչ միայն ռոումինգի մատչելի սակագներ է տրամադրում, այլեւ առաջարկում է «Զանգ Հայաստան» ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում Հայաստան զանգահարել մատչելի սակագներով (oր.՝ ՄՏՍ-Ռուսաստանի ցանցից ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց կատարված զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 33 դրամ):

Beeline

Beeline-ում տեղեկացրել են, որ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ընկերությունը պատրաստ է համագործակցել կարգավորող մարմինների հետ։

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ հետագա ռոումինգ ծառայությունների հասանելիության բարձրացման համար առաջին հերթին պետք է լուծել միջօպերատորական համագործակցության որոշ խնդիրներ։ Առաջնահերթություններից է նաեւ ներդաշնակեցնել ոլորտի փորձը եւ ազգային օրենսդրությունը, որոնք առնչվում են միջազգային զանգերի իրականացման գործընթացին»,- նշել են ընկերությունում:

Beeline-ում հավելել են, որ պարբերաբար իջեցնում են ռոումինգի սակագները, այդ թվում՝ ԱՊՀ երկրներում:

«Օրանժ Արմենիա»

«Օրանժ Արմենիա»-ում զերծ են մնացել օտարերկրյա պետության պետական մարմնի կողմից ԵՏՄ անդամ-պետություններում՝ այդ թվում Հայաստանում, ռոումինգ ծառայությունների սակագների մասին արված հայտարարությունները մեկնաբանելուց:

«Ցանկանում ենք ընդգծել, որ «Օրանժ Արմենիա» ընկերությունը ջանքեր է գործադրում, որպեսզի ՀՀ քաղաքացիները նշված ծառայություններից օգտվեն հարմարավետ եւ մատչելի պայմաններով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»,- ասել են ընկերությունում:
 
Նրանք տեղեկացրել են, որ մի քանի տարի է, ինչ MegaFon ընկերության հետ համագործակցության շրջանակում բաժանորդներին առաջարկվում է զանգեր կատարել MegaFon-ի եւ Orange-ի ցանցեր, ուղարկել SMS-ներ եւ օգտվել բջջային ինտերնետից 29 դրամ սակագնով:
 
«Հիշեցնենք, որ մեր հաճախորդների հանգիստն է՛լ ավելի հարմարավետ դարձնելու նպատակով վերջերս մեկնարկել ենք հատուկ արձակուրդային սեզոնի համար մշակված մեկ այլ հատուկ առաջարկ՝ հնարավորություն ընձեռելով մեր հաճախորդներին Ռուսաստանում, ինչպես նաեւ Վրաստանում, գրեթե բոլոր եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում բջջային ինտերնետի եւ SMS ծառայություններից օգտվել ընդամենը 29 դրամ սակագնով»,- ասել են «Օրանժ Արմենիա»-ում:

Նարինե Դանեղյան