15:34 | 23.06.15 | Նորություններ | 1184

ՄԻԿ Հայաստանը դասընթացներ է անցկացնում բանկերի համար

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ Հայաստան) հունիսի վերջին երկու շաբաթների ընթացքում կազմակերպում է անվճար վերապատրաստման դասընթացներ Բանկերի միության անդամ բանկերի 40 ՏՏ մասնագետների համար:

«Հայաստանյան բանկերի ՏՏ մասնագետների շրջանում անցկացնելով կարիքների գնահատում՝ պարզ դարձավ, որ նրանք հիմնականում հետաքրքրված են Microsoft Exchange Server 2013 եւ Windows Server կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներով»,- ասել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կրթական ծրագրերի մասնագետ Սոնա Մարտիրոսյանը։

Դասընթացները վարում են միջազգային որակավորում ունեցող մասնագետներ Լուկա Մանոջլովիչը եւ Վլադ Բարկովսկին։

Հունիսի 22-24-ին Լուկա Մանոջլովիչը, որը հիմնականում մասնագիտացած է ցանցային ենթակառուցվածքների եւ անվտանգության ոլորտում, դասընթացներ է անցկացնում Microsoft Exchange Server 2013-ի վերաբերյալ: 

Հունիսի 29-30-ին ՏՏ մասնագետները կմասնակցեն Windows Server թեմայով վերապատրաստման դասընթացներին, որոնք անցկացվում են անվճար՝ Մայքրոսոֆթ-ի եւ Բանկերի միության միջեւ հաստատված համագործակցության շրջանակում։