Հունիսի 21-ին վեցերորդ տարին անընդմեջ Orange-ը երաժշտասերների հետ միասին տոնել է Երաժշտության համաշխարհային օրը:
Երեկոյան Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում Orange-ը կազմակերպել էր մեծ համերգ, որի ընթացքում կենդանի կատարմամբ ելույթ են ունեցել The Beautified Project, EmpYraY, Որդան Կարմիր, The Windrose, Նաիրի, HIGH եւ Միացյալ Նահանգներից ժամանած Palm of Granite խմբերը:
Ավելի վաղ նույն հրապարակում Orange-ի բեմում Ֆրանսիայի Դեսպանության նախաձեռնությամբ ֆրանսիական երգի սիրահարների համար «Top 15 pour 2015» համերգի շրջանակում սիրողական երաժիշտներ ու խմբեր կատարել են ժամանակակից ֆրանսիական երգեր:
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ Հաղթանակի զբոսայգում փոքրիկ երեւանցիների համար տեղի է ունեցել մանկական համերգ՝ «Արեւներ» մանկական անսամբլի մասնակցությամբ եւ ջազ-էստրադային համերգ՝ «Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի» սաների եւ անհատ կատարողների մասնակցությամբ:
Դասական եւ էթնիկ երաժշտությունը նախընտրողների համար Կոնսերվատորիայի պուրակում ելույթ են ունեցել «Օլդ Բենդ» ֆոլկ վոկալ քառյակը, «Զանգակներ» համույթը եւ «Արտ վոկալ անսամբլ»-ը: