Հայկական նորաստեղծ Plant a tree ստարտափի միջոցով կարող եք ծառ տնկել, սակայն անձամբ չմասնակցել ծառատունկին եւ այդպիսով ժամանակ խնայել:
Նորաստեղծ հարթակը շրջակա միջավայրի պահպանման նպատակ ունի:
Itel.am-ի հետ զրույցում ստարտափի հեղինակ եւ հիմնադիր Տիգրան Սիմոնյանը պատմում է, որ ստարտափի գաղափարը ծագել է կոնկրետ խնդրի արդյունքում:
«Խնդիրը ոչ միայն շրջակա միջավայրի պահպանումն է, այլեւ այն, որ մենք՝ ծրագրավորողներս, ժամանակ չունենք, սակայն մեծ ցանկություն ունենք մասնակցել շաբաթօրյակներին: Ինչպես ասում էր Սոկրատեսը, «Ցանկություն ունեցող մարդիկ փնտրում են լուծումներ, իսկ ցանկություն չունեցողները՝ պատճառներ»»,- նշում է նա:
Կայքի քարտեզի վրա կարելի է նշել այն վայրը, որտեղ ցանկանում եք տնկել ձեր ծառը, եւ կատարել վճարում: Մեկ ծառի տնկման արժեքը $10 է:
Տիգրան Սիմոնյանը նշում է, որ թիմում այս պահին երկու մարդ կա, որոնք զբաղվում են պատվերների կատարմամբ: Առաջիկայում պատրաստվում են ծառատեսակներն ավելացնել:
Ստարտափի հիմնադիրը նշում է, որ գաղափարը շատերին է դուր եկել, եւ արդեն բազմաթիվ առաջարկներ են ստացել՝ այն ավելի հարմարավետ դարձնելու համար:
«Քանի որ ծառերը պետք է տնկել աշնանը, այս պահին մեր միակ խնդիրը եղանակային պայմաններն են: Մենք պահպանել ենք մեր պատվիրատուների տվյալները, եւ աշնանը նրանք կստանան էլեկտրոնային նամակ, որով կկարողանան հաստատել իրենց պատվերը»,- ընդգծում է Տիգրան Սիմոնյանը:
Plant a tree ստարտափի զարգացմանը նպաստել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը՝ իր «Բիզնես խորհրդատվություն եւ ինկուբացիա» ծրագրով:
Նարինե Դանեղյան