09:44 | 05.06.15 | Հոդվածներ | exclusive 6031

GetTreated. Ապրելով դրսում՝ բուժվի՛ր Հայաստանում

GetTreated հայկական ստարտափի միջոցով արտասահմանում բնակվողները կարող են օնլայն տարբերակով վիրահատություններ պատվիրել Հայաստանում:

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացմանը միտված այս հարթակը միջնորդ է հաճախորդի եւ բժշկական հիմնարկի միջեւ: Այն ներկայացնում է կոնսուլտացիաների, վիրահատության օրերի օնլայն գրանցման, չվերթների, հյուրանոցի ամրագրման եւ այլ ծառայություններ:

Ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Րաֆֆի Էլիոթը հայրենադարձ է Կանադայից: Նա Itel.am-ի հետ զրույցում նշում է, որ բժշկական տուրիզմն աշխարհում նորություն չէ, սակայն նորություն է դրա օնլայն բաղադրիչը:

«Մոտ 10 ամիս առաջ Հայաստանում հիվանդանոցում էի հայտնվել: Գաղափարը հենց այդ ժամանակ ծագեց: Այստեղ, ի տարբերություն Կանադայի կամ նույն ԱՄՆ-ի, բժշկական ծառայությունները շատ ավելի էժան են: Բժիշկների մեջ էլ կան որակյալ մասնագետներ: Այնպես որ մտածեցի, որ այստեղ հնարավոր է զարգացնել բժշկական տուրիզմը: Հայաստանն այս առումով գրավիչ է հատկապես այն պետությունների քաղաքացիների համար, որոնք մեկ ուղիղ չվերթով Երեւան կարող են հասնել: Հիմա, մուտք գործելով հարթակ, հաճախորդը րոպեների ընթացքում կարող է իրեն անհրաժեշտ բժշկական ծառայությունն ամրագրել Հայաստանում»,- պատմում է Րաֆֆի Էլիոթը:

Նրա խոսքով՝ արդեն 20 արտասահմանցի է հարթակի միջոցով Հայաստան ժամանել եւ այստեղ բժշկական ծառայություններ ստացել: Դրանց կեսը սփյուռքահայեր են, մյուս կեսը՝ օտարազգիներ: Հիմնականում ժամանում են Արաբական Էմիրություններից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից:

«Ներկայում կենտրոնացած ենք ատամնաբուժության եւ պլաստիկ վիրահատությունների ուղղությունների վրա: Համագործակցում ենք Հայաստանում պլաստիկ վիրաբուժության 2 եւ ատամնաբուժական 4 կլինիկաների հետ: Հետագայում նաեւ հնարավոր կլինի Հայաստանում սրտի վիրահատության ուղղությունն ավելացնել»,- նշում է Րաֆֆի Էլիոթը:

Անդրադառնալով ֆինանսավորմանը՝ GetTreated-ի հիմնադիրն ասում է, որ նախնական մասնավոր ֆինանսավորում են ստացել, եւ Հայաստանում թեստավորման փուլն ավարտելուց հետո մտադիր են այլ շուկաներ դուրս գալ: 

«Հարթակը մոտ 6 ամսից մտադիր ենք փորձարկել Ուկրաինայում: Երկրի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ դեպի այնտեղ ուղիղ չվերթներ կան բազմաթիվ երկրներից: Ապագա պլաններից են Արեւելյան Եվրոպայի երկրները, Թաիլանդը: Ամեն դեպքում, ընկերության գլխավոր գրասենյակը հետագայում եւս տեղակայված կլինի Հայաստանում»,- ընդգծում է Րաֆֆի Էլիոթը:

Նարինե Դանեղյան