Վերջին տարիներին Հայաստանում ՏՏ ոլորտը բուռն զարգացում է ապրում, իսկ հայ մասնագետների ստեղծած պրոդուկտները՝ միջազգային ճանաչում ստանում:
Գաղտնիք չէ, որ ՏՏ ոլորտի համաշխարհային առաջատարներից է ՀՀ-ից տարածքով ավելի փոքր Իսրայելը (շուրջ 20 հազ. քկմ, բնակչությունը՝ 8 մլն), որտեղ ներկայում գործում է ավելի քան 3800 ստարտափ: Իսրայելը ՏՏ ոլորտի ընկերությունների մեծ խտության պատճառով հաճախ անվանում են նաեւ Սիլիկոն Վադի (Սիլիկոնյան հովտի նմանությամբ):
Ի՞նչ նմանություններ եւ տարբերություններ կան Հայաստանի եւ Իսրայելի ՏՏ ոլորտների միջեւ. պատասխանը փորձել ենք պարզել Իսրայելից 2 տարի առաջ Հայաստան տեղափոխված ՏՏ ձեռնարկատեր, Sphere մոբայլ հավելվածի համահիմնադիր Դավիթ Խաչատրյանի հետ:
Նմանություններ
-Ե՛վ Հայաստանում, ե՛ւ Իսրայելում մարդկանց մոտ իշխում է գիտակցությունը, որ բոլոր ոլորտներում ապագան տեխնոլոգիաներինն է: ՀՀ կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է տնտեսության գերակա ճյուղ: Իսրայելում եւս պետությունը մեծապես աջակցում է ՏՏ ոլորտին:
- Իսրայելը հասկանում է, որ արեւմտյան մտածելակերպով պետք է առաջ շարժվի: Այդ համոզմունքը գալիս է նրանց անցյալից, երբ հրեաներն աշխարհի տարբեր անկյուններից բերեցին իրենց փորձը եւ ստեղծեցին իրենց պետությունը: Հայաստանում էլ վերջին տարիներին Սփյուռքից բազմաթիվ հայեր են եկել Հայաստան՝ բերելով իրենց փորձը: Այդ փորձն արդեն իսկ դրական ազդեցություն է գործում Հայաստանի վրա: Որքան շատ հայեր վերադառնան, այնքան ոլորտի զարգացման նոր հնարավորություններ կստեղծվեն: Զարգացումը տեղի է ունենում դրսի փորձի, ոչ թե ներքին շարժի արդյունքում:
Տարբերություններ
-Իսրայելում վենչուրային կապիտալի մշակույթը ձեւավորվել է դեռ 1980-ականներին: Այս երկրում ներկայում շուրջ 70 ակտիվ վենչուրային հիմնադրամ է գործում, որից 14-ը միջազգային վենչուրային ֆոնդերի իսրայելական գրասենյակներ են: Հայաստանում այս պահին ընդամենը 1 վենչուրային հիմնադրամ է գործում:
- Իսրայելում շատ ավելի ռիսկով են մոտենում ձեռնարկատիրությամբ զբաղվելուն, քան Հայաստանում: Պատճառն այն է, որ իսրայելցիների մեջ շատ վաղ տարիքից զարգանում է ռիսկերի գնահատման մեխանիզմ եւ նրանք պատրաստ են դիմակայել մարտահրավերներին: Հայաստանում մարդիկ իրենց «հարմարավետության գոտուց» (comfort zone) դուրս գալու խնդիր ունեն: ՀՀ-ում շատերն իրենց ձեռնարկատեր են անվանում, իսկ հաջորդ օրն անհաջողությունից հիասթափվելով՝ ասում են, որ ոչինչ չստացվեց: Դրա առաջնային պատճառներից մեկն ինկուբատորների պակասն է, որոնք «ստարտափ մտածողություն» զարգացնողներն են:
-Հայաստանում ընդունված է, որ ՏՏ մասնագետն արտասահմանում գործող ընկերությունների համար պետք է իր երկրում աշխատի: Իսկ Իսրայելում ՏՏ մասնագետը տանը նստած աշխատում է դրսում գործող արտասահմանյան ընկերությունների համար միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է աշխատանքը համատեղել ուսման հետ: Իսրայելում ՏՏ ընկերությունները հաճույքով աշխատանքի են ընդունում նաեւ նորավարտ մասնագետներին:
Նարինե Դանեղյան