Հայկական AMP Technologies (Sensorship) թիմը մշակում է սենսորներ, որոնք իրական ժամանակում տեղեկատվություն կտրամադրեն հանրապետության եղանակային պայմանների մասին:
Ծրագիրը մշակվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) կողմից ֆինանսավորվող եւ «Կոլբա լաբի» կազմակերպած Սոցիալական նորարարության ճամբարի ընթացքում եւ հաղթող ճանաչվել:
Գաղափարի հեղինակ Ալեքսեյ Չալաբյանը Itel.am-ի հետ զրույցում նշում է, որ սենսորները կարող են տրամադրել տեղեկատվություն ջերմաստիճանի, հողի եւ մթնոլորտի խոնավության մակարդակի, մթնոլորտային ճնշման, լուսավորության եւ 35 այլ չափորոշիչների վերաբերյալ:
Նրա խոսքով՝ չափորոշիչների ամբողջական քանակը կախված է ծրագրի ֆինանսավորման ծավալից:
«Սենսորների ցանցը լեռնային հատվածներում ավելի խիտ է լինելու, իսկ դաշտավայրերում՝ ավելի նոսր: Նախատեսում ենք ամեն 6 կիլոմետրի վրա տվյալներ ունենալ: Սենսորները բավական յուրահատուկ են՝ թե՛ եղանակային տվյալները եւ կլիմայի փոփոխությունը ֆիքսելու, թե՛ գյուղատնտեսության, այլընտրանքային էներգիայի, շինարարության, զբոսաշրջության եւ այլ ոլորտների աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից»,- ասում է Ալեքսեյ Չալաբյանը:
Նրա խոսքով՝ էլեկտրաէներգիայի հաստատուն աղբյուրների առկայության դեպքում սարքը յուրաքանչյուր րոպե կարող է տվյալներ փոխանցել:
AMP Technologies-ում հաշվարկել են, որ Հայաստանի ամբողջ տարածքն ընդգրկելու համար հարկավոր է 5000 սենսոր, որոնք կարող են տեղադրվել հանրապետության բոլոր դպրոցներում:
«Սա լավ տարբերակ է, քանի որ դպրոցի տարածքը վերահսկվում է, եւ առկա է էլեկտրաէներգիա: Կարելի է աշխատանքներում ներգրավել նաեւ դպրոցականներին՝ ճարտարագիտական լաբորատորիաներում իրականացվող ուսուցման շրջանակում»,- ասում է Ալեքսեյ Չալաբյանը:
Նա նկատում է, որ սենսորների տեղադրման համար նպատակահարմար են նաեւ բջջային օպերատորների բազային կայանները, եւ օպերատորներից մեկը խոստացել է առաջիկայում օգնել թիմին:
«Իհարկե, բոլոր 5000 սենսորները միանգամից չեն տեղադրվելու: Սկզբում կաշխատենք 10-20 սենսորի նախատիպերի մշակման ուղղությամբ, եւ երբ վերջնական նախատիպը մշակվի, հնարավոր է, որ փոքր սերիական արտադրություն հիմնենք»,- նշում է նա:
Թիմը ներկայում ձեւավորման փուլում է: Հետազոտող խումբը կազմված կլինի 10 հոգուց:
«Արտադրական անձնակազմը ժամանակի ընթացքում հնարավոր է՝ հասնի շուրջ 100 հոգու: Սա լրացուցիչ աշխատատեղեր կստեղծի: Փորձում ենք նաեւ հասկանալ, թե Հայաստանում ի՞նչ է հնարավոր արտադրել եւ որտե՞ղ: Կան նաեւ մեխանիկական բնույթի հարցեր. փորձում ենք հասկանալ, թե արդյոք մեզ անհրաժեշտ դետալները հնարավոր է պատվիրել Հայաստանում»,- ասում է Ալեքսեյ Չալաբյանը:
ՀՀ-ում սենսորները, ի տարբերություն մյուս երկրների, կընդգրկեն հանրապետության ամբողջ տարածքը եւ ավելի էժան կլինեն:
Ծրագրի ամբողջական իրագործման համար անհրաժեշտ է $70-80 հազ. ֆինանսավորում: Առաջին նախատիպերի՝ պատրաստ լինելու դեպքում թիմը կսկսի հիմնական ֆինանսավորում փնտրել:
«Հետագայում նպատակ ունենք նախագիծն իրականացնել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս՝ հասնելով նրան, որ այն ճանաչվի որպես գլոբալ խնդրի հայկական լուծում»,- ասում է Ալեքսեյ Չալաբյանը:
Ծրագրի վրա աշխատում են Արթին Բարսեղյանը, Արփինե Գրիգորյանը, Արեգ Գեդեոնյանը, Միքայել Ղազարյանը, Ալբերտ Պողոսյանը, Սամվել Մարտիրոսյանը, Սերգեյ Նավասարդյանը, Հովհաննես Աղաջանյանը, Արշակ Խաչատրյանը եւ այլք:
Նարինե Դանեղյան