16:40 | 06.05.15 | Նորություններ | 1737

Ամպային Հեքըթոն 2015-ը ընդունում է հայտեր

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» (ՄԻԿ) հիմնադրամը եւ «Մայքրոսոֆթ ԱրԷյ»-ը հայտարարում են ամպային Հեքըթոն[ՅԱՆ] 2015 մրցույթի հայտերի ընդունման մասին:

Մրցույթի ընթացքում ներկայացված հաջողված լուծումները կբեռնվեն GitHub-ում։ Լավագույն լուծումների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ եւ մինչեւ 1 մլն դրամ ֆինանսավորում։

Ինչպես Itel.am-ին տեղեկացրել են ՄԻԿ Հայաստանում, Մայքրոսոֆթ ընկերության կողմից հրավիրված միջազգային մասնագետները մրցույթի մասնակիցների համար կանցկացնեն համառոտ վերապատրաստման դասընթաց՝ Azure-ի, ամպային լուծումների, մեքենայական ուսուցման (Machine Learning), իրերի համացանցի (Internet of Things, IoT), բջջային եւ վեբ ծրագրավորման վերջին նորությունների մասին։

Դասընթացին կհետեւի Հեքըթոն[ՅԱՆ]-ը, որի ընթացքում միջոցառման առաջին հատվածում ստացված գիտելիքների եւ գաղափարների հիման վրա ձեւավորված թիմերը կստեղծեն նորարար ծրագրեր եւ համակարգեր։ Մասնակիցներին կբաժանվեն ինչպես Azure մուտքի  գաղտնաբառեր, այնպես էլ IoT սարքավորումներ:

Մրցույթին կարելի է մասնակցել միայն թիմով, որը բաղկացած կլինի 2-5 անդամից։ Մասնակցության պարտադիր պայման է դյուրակիր համակարգչի առկայությունը։ Դիմում-հայտը կարելի է ներբեռնել այստեղից: Լրացնելուց հետո այն պետք է ուղարկել  mic@mic.am էլհասցեին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. մայիսի 20-ն է: Նախնական ընտրություն անցած մասնակիցները կստանան մասնակցության վերաբերյալ հաստատում եւ նախքան միջոցառումը կհրավիրվեն տեղեկատվական հանդիպման։