17:38 | 20.04.15 | Նորություններ | 4125
«Ռոստելեկոմ» խմբի անդամ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը ապրիլի 16-ին հանդես է եկել դասախոսությամբ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարման եւ տնտեսագիտության ֆակուլտետի (College of Business & Economics) ուսանողների համար։
Հայկ Ֆարամազյանն ուսանողների հետ կիսել է ոլորտում իր ունեցած փորձը, լսարանին ներկայացրել է հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի վերջին տասնամյակի զարգացումները՝ մատնանշելով առանձնահատկությունները, հնարավորություններն ու մարտահրավերները, որոնց առնչվել է ընկերությունը կայուն զարգացման ճանապարհին։
«Այսօր իմ դասախոսությունը նպատակ ուներ բիզնեսի կառավարման տեսանկյունից ներկայացնելու հեռահաղորդակցության հայաստանյան ոլորտը, մեր ընկերության՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ-ի բիզնես պատմությունը՝ ձեւավորումն ու զարգացումը, մարտահրավերներն ու դրանց հաղթահարման մոտեցումները»,- ասել է Հայկ Ֆարամազյանը:
Նա հավելել է, որ թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային խոշոր ընկերությունների հաջողության հիմքում ընկած են «փորձառությունն ու գիտելիքները, որ այսօր իրենց ուսանողներին են փոխանցում Հայաստանի Ամերիկյան համալսարանի պես բարձրակարգ բիզնես դպրոցները»։
«Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ ուսանողների հետ գործնական հանդիպումները շարունակական բնույթ են կրելու։