14:28 | 09.04.15 | Նորություններ | 5865

Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է «Ագրո դպրոց» ծրագիրը

Այսօր Երեւանում տրվել է «Ագրո դպրոց» ծրագրի մեկնարկը, որն իրականացվում է Beeline-ի եւ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի (COAF) կողմից:

Ծրագրի նպատակն է թվային տեխնոլոգիաների միջոցով լուծել կրթական, արտագաղթի եւ սոցիալական խնդիրները Հայաստանի գյուղական համայնքներում: Այն Beeline-ի Make your Mark («Թող քո հետքը») գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող առաջին միջոցառումն է:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր ասել է, որ «Թող քո հետքը» նախաձեռնության շրջանակում նախատեսվում է մի շարք ծրագրերի իրականացում: 

«Կարեւոր է այն փաստը, որ մենք ստեղծում ենք նոր հնարավորություններ աճող սերնդի զարգացման համար, ովքեր այսօր արդեն իսկ կստանան մասնագիտական հմտություններ, իսկ հետագայում կդառնան իրենց գործի վարպետներ եւ վաղվա օրվա կերտողներ: Սեր եւ հետաքրքրություն սերմանելով երիտասարդների մեջ կնպաստենք երիտասարդների կարողությունների զարգացմանը, կխթանենք իրենց փոքր բիզնեսի վարման եւ եկամտի ստեղծման գործընթացին»,- ասել է Անդրեյ Պյատախինը:

«Beeline-ի հետ համագործակցության շնորհիվ իրականություն դարձավ գետաշենցիների համար այդքան բաղձալի «Ագրո դպրոց» նախագիծը, որը հնարավորություն կտա դպրոցական տարիքից ծանոթանալ ֆերմերային գործունեության վերջին նորություններին եւ հմտություններին, կսովորեցնի իրենց ճիշտ գնահատել շուկան, մրցունակ արտադրանք ունենալ եւ կարողանալ ճիշտ դիրքավորել արտադրանքը՝ օգտագործելով մարքեթինգային լավագույն փորձը»,- իր հերթին ասել է COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը։

Ծրագիրը կիրականացվի չորս հիմնական փուլով. ուսումնական ծրագրի մշակում եւ ջերմատան կառուցում, լսարանային եւ գործնական ուսուցումներ, փորձի փոխանակում այլ համայնքների ավագ դպրոցի աշակերտների հետ, առցանց հարթակի միջոցով ստացված արտադրանքի շուկայավարում եւ վաճառք։ Ծրագրին կմասնակցեն Արմավիրի մարզի Գետաշեն եւ շրջակա երեք համայնքի շուրջ 235 ավագ դպրոցի աշակերտներ:

«Թող քո հետքը» ռազմավարությանը «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչն է:

««Թող քո հետքը»-ի միջոցով մենք կարող ենք միավորել տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները եւ ճիշտ կառուցել իրենց ապագան»,- ասել է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Գալինա Կուրգանովան: