Երեւանում անցկացվել է ինտերնետի եւ բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված ամենամյա ArmNet համաժողովը` «2015թ. ինտերնետի եւ բջջային հավելվածների միտումները» խորագրով:
Ապրիլի 4-ին տեղի ունեցած համաժողովի շրջանակում ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ հանդես են եկել դասախոսություններով, այնուհետ պատասխանել են ներկաների հարցերին:
Համաժողովի խոսնակներից Pediatr 24/7 մոբայլ հավելվածի ղեկավար Դենիս Յուդչիցը խոսել է 2015թ. Հեռաբժշկության ոլորտի նախագծերի հեռանկարների մասին, իսկ ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի ՏՏ տնօրեն Ռուբեն Մուրադյանն էլ ներկայացրել է, թե ինչից պետք է պաշտպանել հասարակ մարդու տվյալներն ընթացիկ տարում: Geno6 ընկերության նախագծերի ղեկավար Արման Քուչակյանը, իր հերթին, ներկայացրել է ստարտափների հաջողության բանաձեւերը:
Միջոցառմանը մասնակցել են նաեւ հայկական հաջողակ նախագծերը: Triada Studio-ն ներկայացրել է իր Shadowmatic խաղը, Picsart-ի տեխնիկական տնօրեն Միքայել Վարդանյանն էլ խոսել է ապագան «գեղեցկացնելու» հնարավորությունների մասին: Խաղերի նախագծման նորագույն մոտեցումներն է ներկայացրել FrooZoo ընկերության հիմնադիր Դավիթ Բունիաթյանը:
MediaRu ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Նոսովն անդրադարձել է այն մեթոդներին, որոնք անհրաժեշտ են սեփական նախագիծը 2015թ. «փրկելու» համար:
Itel.am-ի հետ զրույցում ամփոփելով իր դասախոսությունը` նա նշել է, որ այս հարցում կարեւոր են հաղորդակցությունը, ինչպես նաեւ նախագծի բյուջեի եւ պրոդուկտ ստեղծող թիմի վերահսկողությունը:
«Պետք է ճիշտ մարդիկ ընդունել աշխատանքի, տեղավորվել ժամկետների մեջ: Հաղորդակցությունն ամենակարեւորն է. պետք է հասկանաս՝ արդյոք աշխատակիցդ ճիշտ ձեւով է աշխատում: Եթե ոչ՝ նրան պետք է հուշես, թե ինչ ուղղությամբ շարժվի»,- ասել է նա` խորհուրդ տալով նախագծերի կառավարման մասին գրականություն կարդալ եւ այդ փորձը կիրառել պրակտիկայում:
Հարցին, թե ինչ տպավորություններ ունի Հայաստանում ակտիվորեն բազմացող ստարտափների մասին, Ալեքսեյ Նոսովը նշել է, որ այսօր հայկական ստարտափները երբեմն շատ ավելի լավ արդյունքների են հասնում, քան ռուսականները:
«Տեղյակ եմ հայկական մի շարք ստարտափների մասին, որոնք շուկայի վրա մեծ ազդեցություն գործող պրոդուկտներ են ստեղծում: Կարծում եմ` Հայաստանը շատ տաղանդներ ունի: Այն պետք է զարգացնի այդ ներուժը եւ ստեղծի ստարտափների էկոհամակարգ, ինչը մեծ արժեք կներկայացնի ինչպես մասնավոր բիզնեսի, այնպես էլ Հայաստանի համար առհասարակ»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ Mediamax.am-ն արժանացել է ArmNet 2015-ի գլխավոր մրցանակին, ինչպես նաեւ հաղթել է «Բովանդակություն» անվանակարգում:
ArmNet 2015-ի կազմակերպիչներն են «Օրանժ Արմենիա»-ն, Maeutica բրենդինգային գործակալությունն ու «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն: