ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսօր հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ մեծացնելու ռուսական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայությունը հայկական շուկայում:
Այս մասին Վաչե Գաբրիելյանն ասել է այսօր Երեւանում մեկնարկած ռուսաստանյան «ՏՏ գագաթնաժողով 2015-ը. Ոլորտի առաջնորդների հանդիպում» համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը:
Համաժողովը ՌԴ ՏՏ ոլորտի հիմնական միջոցառումներից է, որի նպատակն է ամփոփել ՌԴ նախորդ տարվա ՏՏ ոլորտի արդյունքները, քննարկել ՏՏ ոլորտին օժանդակելու հայկական եւ ռուսական քայլերի արդյունավետությունը: Համաժողովին մասնակցում են ավելի քան 100 ռուսական հեղինակավոր ընկերություններ:
«Հայաստանը խիստ հետաքրքրված է ռուսական ՏՏ ընկերությունների գործունեությամբ հայաստանյան շուկայում: Հուսով ենք, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը խթան կհանդիսանա դրա համար»,- համաժողովի մասնակիցներին ասել է ՀՀ փոխվարչապետը:
Վաչե Գաբրիելյանը նկատել է, որ Հայաստանի յուրահատկությունները նպաստում են ռուսական կապիտալի մեծացմանը մեր երկրում: Փոխվարչապետը բերել է ռուսական «Ռուսալ-Արմենալ» ընկերության օրինակը, որը նրա խոսքով, վերջին շրջանում ավելի լավ պայմաններով է իր արտադրանքն արտահանում եվրոպական երկրներ, քան ընկերության՝ Ռուսաստանում գործող մայր գործարանը:
«Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ունի GSP+ համակարգը, ինչը տվյալ պահին Ռուսաստանում բացակայում է»,- նշել է Վաչե Գաբրիելյանը:
Նկարագրելով Հայաստանի ՏՏ ոլորտը՝ փոխվարչապետն ասել է, որ ներկայում հայաստանյան շուկայում գործում է ավելի քան 400 ընկերություն՝ շուրջ 11 հազ. աշխատակիցներով: Նրա խոսքով՝ ոլորտը դինամիկ զարգանում է՝ տարեկան ապահովելով միջինը 10% աճ: Արտահանման ծավալը կազմում է շուրջ $150 մլն:
«Իհարկե, ռուսական ընկերությունները մեծ փորձ եւ գործնական կապեր ունեն արտասահմանում, սակայն հայաստանյան ընկերությունները եւս չեն զիջում իրենց փորձով: Համոզված եմ, որ երկկողմ համագործակցությունը շահավետ կլինի երկու կողմերի համար»,- ասել է ՀՀ փոխվարչապետը: