Եկատերինա Մորոզովան
17:08 | 23.03.15 | Նորություններ | 1703
Սկոլկովոյի բաց համալսարանի գործադիր տնօրենի տեղակալ Եկատերինա Մորոզովան Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի՝ Երեւանում կազմակերպած սեմինար քննարկմանն այսօր ներկայացրել է ՌԴ ինովացիոն համակարգը, «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնի գործունեությունը եւ երիտասարդ գիտնականների հետ տարվող աշխատանքը ինովացիոն գործունեության ոլորտում:
Itel.am-ը ներկայացնում է Եկատերինա Մորոզովայի ելույթի առավել հետաքրքիր հատվածները:
Ինովացիան եւ Ռուսաստանը
Ցանկացած պետության համար ինովացիոն լուծումների ներդրումը ազգային անվտանգության հարց է: 7 տարի առաջ Ռուսաստանը սկսեց լուրջ քայլեր իրականացնել ինովացիոն համակարգի զարգացման ուղղությամբ: Բարեփոխումներն ուղղվեցին առաջին հերթին համալսարաններ, հաշվի առնելով այն, որ մինչ այդ գիտությունը բուհերից բացակայում էր, եւ գործում էր միայն ավանդական կրթական համակարգը:
Բուհերում գիտության զարգացմանը նվիրված գործողությունների շրջանակում գնվեցին միջազգային չափորոշիչներին համապատասխանող հետազոտական սարքավորումներ: Բացի այդ, պետական բյուջեի միջոցներից բուհերին դրամաշնորհներ հատկացվեցին, ինչի շնորհիվ վերջիններս կարողանան պայմանագրեր կնքել համաշխարհային մակարդակի գիտնականների հետ՝ ռուսական բուհերում պայմանագրային հիմունքներով դասավանդելու համար: Ծրագրի շրջանակում մի քանի տարի առաջ Ռուսաստան ժամանեցին մի շարք նոբելյան մրցանակակիրներ, որոնց մի մասը ռուսներ էին, որոնք տարիներ առաջ բնակություն էին հաստատել այլ երկրներում:
Բուհերում իրականացված հաջորդ քայլը ձեռներեցության մշակույթի հետ կապված պարտադիր առարկայի դասավանդումն էր բոլոր ֆակուլտետների մագիստրարտուրայի բաժիններում: Նպատակն այն էր, որ եթե ուսանողը մի օր որոշի սեփական ընկերություն հիմնել կամ ներդրումներ կատարել, գոնե տարրական գիտելիքներ կունենա: Բարեփոխումներ իրականացվեցին նաեւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում:
Ռուսաստանում 2010-ից ինովացիոն տեխնոլոգիաների կենտրոններ են ստեղծվում: Ամենախոշորներից է «Սկոլկովո» ինովացիոն կենտրոնը:
«Սկոլկովո» ինովացիոն կենտրոնը
Կենտրոնը Մոսկվայում կառուցվող ժամանակակից գիտատեխնոլոգիական ինովացիոն համալիր է: Այնտեղ հատուկ տնտեսական պայմաններ են գործելու այն ընկերությունների համար, որոնք կենտրոնացած են 5 ուղղությունների վրա՝ ՏՏ, էներգաարդյունավետություն, միջուկային տեխնոլոգիաներ, կենսաբժշկություն, տիեզերական տեխնոլոգիաներ եւ հեռահաղորդակցություն: Այս տարի շատ ենք ցանկանում բացել նաեւ 6-րդ ուղղությունը՝ տեխնոլոգիաներ գյուղատնտեսության համար:
Ընկերություններին տրամադրվում են հարկային եւ մաքսային արտոնություններ, դրամաշնորհներ՝ զարգացման համար, գիտելիք եւ խորհրդատվություն:
Ստարտափները մեր ուշադրության կենտրոնում են: Այսօր աշխատում ենք շուրջ 1000 ստարտափների հետ: Հետաքրքրված ընկերությունները կարող են հայտ լրացնել, եւ մեր կողմից հավանության արժանանալու դեպքում՝ ֆինանսական եւ կազմակերպչական աջակցություն ստանալ՝ ընդգրկվելով մեր հինգ ուղղություններից մեկում:
Մենք նրանց ազատում ենք գրեթե բոլոր հարկերից, եւ մեզ համար կարեւոր է, որ այդ ընկերություններն իսկապես նորարարությամբ զբաղվեն:
Մինչեւ 2016-ը՝ կենտրոնի շինարարական աշխատանքների ավարտը, ընտրվելու դեպքում հայկական թիմերը կարող են ապրել եւ աշխատել Հայաստանում, եւ միաժամանակ լինել «Սկոլկովո»-ի ռեզիդենտներ՝ ֆինանսական եւ կազմակերպչական հարցերով աջակցություն ստանալ կենտրոնի կողմից: Դրա համար հարկավոր է մեր կայքում լրացնել անհրաժեշտ հայտը, եւ հավանություն ստանալու դեպքում ստեղծել ընկերություն, որը կգրանցվի Ռուսաստանում:
Եթե հայկական նախագիծն ունի հեռանկար ԱՊՀ-ի եվրոպական կամ համաշխարհային շուկայում, կարող ենք վերցնել այն եւ միասին զարգացնել: Թիմի մի մասը պետք է Ռուսաստանում աշխատի, իսկ Հայաստանում կարող են աշխատել թիմի ծրագրավորողները, ինժեներները եւ տեխնիկական մնացած անձնակազմը:
Գիտության եւ տեխնոլոգիայի «Սկոլկովո» ինստիտուտ
«Սկոլկովո» ինովացիոն կենտրոնի տարածքում է գործելու նաեւ Գիտության եւ տեխնոլոգիայի «Սկոլկովո» ինստիտուտը, որտեղ նախատեսվում է, որ մինչեւ 2020թ. 1200 ուսանող կսովորի: Այն ստեղծելու համար համաձայնագիր է կնքվել Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հետ: Օգտագործելու ենք իրենց մեթոդները եւ ծրագրերը: Լինելու են միայն մագիստրոսական ծրագրեր եւ մեծ քանակությամբ գիտական լաբորատորիաներ:
Նախատեսում ենք նաեւ 15 միջգիտակարգային ծրագրերի ներմուծում, քանի որ ուսումնասիրելով արտասահմանում բիզնեսի վարման մեխանիզմները՝ եկել ենք եզրակացության, որ հաջողության հասնում են հատկապես այն ընկերությունները, որոնցում միախառնված են մի քանի ուղղություններ:
Երիտասարդ նորարարների ամառային դպրոցը
Ծրագիրը նախատեսված է 2014-2016 թթ. համար: 2014թ. Մոսկվայում կայացած ամառային դպրոցի մասնակիցները հիմնականում Ռուսաստանից էին: ԱՊՀ երկրներից ժամանած փոքրաթիվ մասնակիցներն էլ հուշեցին, որ պետք է ընդլայնել մասնակիցների աշխարհագրությունը:
Այս տարվանից դպրոցը կոչվելու է Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների դպրոց: Ներկայիս լեզուն ռուսերենն է, սակայն հաշվի առնելով այն, որ հաջորդ տարվանից դպրոցում ընդգրկվելու են նաեւ BRICS-ի երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա), աշխատանքային լեզուն կդառնա անգլերենը:
Այս տարի դպրոցը գործելու է հունիսի 28-ից հուլիսի 3-ը: Դասընթացներին կարող են մասնակցել 25-37 տարեկան երիտասարդ գիտնականներ, որոնք ցանկանում են սովորելուց հետո վերադառնալ Հայաստան եւ հնարավորություն ստեղծել, որպեսզի հայ երիտասարդները նորարարությամբ զբաղվեն: Ամառային դպրոցի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնից:
Եկատերինա Մորոզովայի մտքերը գրի է առել Նարինե Դանեղյանը