16:49 | 27.02.15 | Նորություններ | 4173
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության եւ Վիվա-Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ իրականացնում է «Պատասխան՝ 100 տարի անց» խորագրով համալիր ծրագիրը։
Ծրագիրն անդրադարձ է 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակներին ու այլ վկայություններին:
««Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» նախագիծը հայության պահանջն արվեստի լեզվով ներկայացնելու արդյունավետ միջոց է: Արվեստի գործերում Մեծ եղեռնի արտացոլումը աշխարհին մեր պահանջը լսելի դարձնելու եւ մեկուկես միլիոն զոհերի հիշատակը ոգեկոչելու արժանապատիվ ճանապարհ է: Ցեղասպանության ճանաչման պահանջն ուղղված է ոչ միայն Թուրքիային, այլեւ ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Չհիշելով, չպատմելով, դատապարտում չպահանջելով՝ մենք կկորցնենք մեր ինքնությունը, կդավաճանենք մեր էությանը ու նաեւ ազնիվ չենք լինի աշխարհի՝ Ցեղասպանության զոհ դարձած կամ այդ վտանգի առջեւ կանգնած այլ ազգերի նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մինչեւ հունիսի 1-ը նախագծի շրջանակում կիրականացվի 2 ենթածրագիր, ինչի արդյունքում կհրատարակվի «Պատասխան` 100 տարի անց» պատկերագիրքը:
1. 1894-1923 թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 նամակների ընտրություն` հայ եւ օտարազգի անվանի գործիչներին ծանուցելու եւ նրանց պատասխան-արձագանքները հավաքագրելու նպատակով:
2. Հայոց ցեղասպանությունը փաստող արխիվային 11 վավերագրերի թեմաներով գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների եւ քանդակի մրցույթ` ՀՀ ազգային պատկերասրահում թեմատիկ ցուցադրություն կազմակերպելու նպատակով:
Փետրվարի 24-ին եւ 25-ին Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում կայացել է «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» խորագրով փակ մրցույթ-ցուցադրությունը։
Աշխատանքները գնահատվել են 1-5 միավորի սահմանում` համաձայն մրցութային հանձնաժողովի հաստատած աշխատանքների գնահատման չափորոշիչների.
1. Տրված վավերագրերին համապատասխանությունը:
2. Աշխատանքի գեղարվեստական արժեքը (կոմպոզիցիոն կառուցվածք, գունային համադրություն, նյութի օգտագործման տեխնիկա):
3. Ստեղծագործության համոզչականությունը:
Այս փուլում ներկայացված լավագույն 20 աշխատանքները կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում, որոնցից լավագույն 15-ը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում` «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում» խորագրով ցուցադրությանը: Մեկ աշխատանք էլ` Նարեկ Կնյազյանի «Վերջինը» քանդակը, ստացել է «Հատուկ» կարգավիճակ: Հեղինակը կպարգեւատրվի ՀՀ մշակույթի նախարարության եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից: