12:52 | 24.02.15 | Նորություններ | 3684

Beeline-ը փոխում է բջջային կապի հաշիվների վճարման ժամկետները

Beeline-ը հայտարարում է բջջային կապի հաշիվների վճարման եւ համարների արգելափակման ժամկետների փոփոխության մասին հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար: 

«2015թ. մարտից Beeline-ը հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների հաշիվները կներկայացնի ավելի շուտ` գրեթե ամսվա սկզբին: Այս ամենն արվում է այն նպատակով, որպեսզի մենք հաշիվների վճարման օրերին կարողանանք նվազագույնի հասցնել հերթերի թիվը վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում։ Նախորդ ամսվա համար վճարման հաշիվը նախապես ստանալով՝ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կկարողանան ավելի շուտ մարել դրանք, ինչն ավելի արագ եւ հարմար կդարձնի սպասարկումը մեր գրասենյակներում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:       

2015թ. մարտից սկսած՝ բջջային ծառայությունների մատուցման դիմաց նախորդ ամսվա հաշիվը կներկայացվի ընթացիկ ամսվա 2-ից սկսած: Այդ հաշիվը ենթակա է վճարման մինչեւ ընթացիկ ամսվա 15-ը: Եթե այդ ընթացքում վճարում չի իրականացվում, ապա տվյալ ամսվա 19-ից ելքային զանգերն արգելափակվում են: Մինչեւ տվյալ ամսվա 22-ը հաշիվը չմարելու դեպքում կապն ամբողջովին արգելափակվում է, իսկ 3 ամսվա ընթացքում չվճարելու դեպքում բաժանորդի հետ պայմանագիրը լուծարվում է: Հաշիվը վճարելու դեպքում հեռախոսահամարն ապաարգելափակվում է։